EN | AM

Նոր իրականություն. ՄԱԿ-ը ստեղծում է COVID-19-ից հետո տնտեսությունները վերականգնելու և աշխատատեղերը պահպանելու ռազմավարություն


29.04.2020
Այս պանդեմիան ցույց է տալիս, որ մենք բոլորս կանգնած ենք վտանգի առջև, քանի որ մենք ուժեղ ենք այնքանով, որքանով աւժեղ է ամենաթույլ առողջապահական համակարգը. ՄԱԿ-ի ԳՔ Անտոնիո Գուտերեշ

«Հին իրականությանը» վերադարձ չի լինելու, կառավարությունները պետք է ստեղծեն նոր տնտեսություն և ավելի շատ աշխատատեղեր:

Նյու Յորք, ապրիլի 27, 2020 թ. - COVID-19 առողջապահական ճգնաժամը հանգերեց զրկանքների և գործազրկության ռեկորդային մակարդակներով պատմական մի անկման` առաջացնելով աննախադեպ մարդկային ճգնաժամ, որն ամենաշատը  վնասում  է աղքատներին, հատկապես՝ կանանց և երեխաներին: Այսօր հրապարակված նոր ռազմավարության շրջանակում, որն ուղղված է երկրների սոցիալական և տնտեսական վերականգնման աջակցությանը, ՄԱԿ-ը կոչ է անում ընդլայնել միջազգային օժանդակությունը և քաղաքական պատասխանատվությունը` երաշխավորելով, որ մարդկանց ամենուրեք հասանելի լինեն սոցիալական պաշտպանության և առաջին անհրաժեշտության ծառայությունները։

«Համատեղ պատասխանատվություն, գլոբալ համերաշխություն և կարիքավոր մարդկանց համար անհապաղ քայլեր. ՄԱԿ-ի՝ COVID-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքներին անհապաղ արձագանքման շրջանակը» կոչ է անում պաշտպանել աշխատատեղերը, բիզնեսները և կենսաապահովման միջոցները` որքան հնարավոր է շուտ շարժման մեջ դնելու համար հասարակությունների և տնտեսությունների անվտանգ վերականգնումը, ինչը հնարավորություն կտա ստեղծել ավելի կայուն, գենդերային առումով ավելի հավասար և ածխածնից ազատ իրականություն՝ ավելի լավը, քան «հին իրականությունը»:

«Սա ոչ միայն առողջապահական ճգնաժամ է, այլև՝ մարդկային, աշխատանքային, մարդասիրական և զարգացման ճգնաժամ: Եվ այն չի վերաբերում միայն ամենախոցելի խմբերին: Այս պանդեմիան ցույց է տալիս, որ մենք բոլորս կանգնած ենք վտանգի առջև, քանի որ մենք ուժեղ ենք այնքանով, որքանով աւժեղ է ամենաթույլ առողջապահական համակարգը: Պանդեմիայի աննախադեպ մասշտաբը պահանջում է աննախադեպ արձագանք», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով մարտին ներկայացրել էր «Համատեղ պատասխանատվություն, գլոբալ համերաշխություն» COVID-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքների վերաբերյալ իր զեկույցը։ 

«Մեր բոլոր գործողությունները այս ճգնաժամի ընթացքում և դրանից հետո, պետք է ուղղված լինեն ավելի հավասար, ներառական և կայուն տնտեսությունների և հասարակությունների ստեղծման վրա, որոնք կլինեն ավելի ճկուն համաճարակների, կլիմայի փոփոխության և մեր առջև ծագած բազմաթիվ այլ գլոբալ մարտահրավերների առջև», - ասաց նա: Այսօր հրապարակված այս նոր ռազմավարությունը սահմանում է ՄԱԿ-ի գործակալությունների կողմից այդ տեսլականի իրականացման ճանապարհը:

ՄԱԿ-ի սոցիալական և տնտեսական վերականգնման շրջանակում ընդգծվում է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ընդունված որոշումները որոշիչ կլինեն Կայուն Զարգացման Նպատակներին (SDG) հասնելու համար: 

Հաշվի առնելով, որ 2014 թվականին Էբոլայի բռնկման ժամանակ ավելի շատ մարդ մահացավ սոցիալական ծառայությունների ընդհատումից և տնտեսությունների փլուզումից, քան վիրուսից՝ ռազմավարությունն ուղղված է պաշտպանել այն անձանց կարիքներն և իրավունքները, ովքեր առավել շատ են տուժել համաճարակից՝ սկսած առավել խոցելի երկրներից, խմբերից և անտեսվելու վտանգի առջև կանգնած մարդկանցից: 

2008-2009 թթ.-ի համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամից դասեր քաղելով՝ ռազմավարության մեջ ընդգծվում է, որ ամենաքիչը տուժել և ամենաարագը վերականգնվել են ուժեղ սոցիլական պաշտպանության համակարգ և առաջին անհրաժեշտության ծառայություններ ունեցող երկրները: Միլիարդավոր մարդկանց աղքատության մատնվելը կանխելու համար՝ ողջ աշխարհի կառավարությունները պետք է արագորեն մշակեն, ընդլայնեն և լայնածավալ դարձնեն անվտանգության «բարձիկները», ինչպիսիք են կանխիկ փոխանցումները, սննդի աջակցությունը, սոցիալական ապահովագրության մեխանիզմները և ընտանիքներին աջակցելու համար երեխաների նպաստները:

COVID-19-ի հետևանքները նվազեցնելու նպատակով ՄԱԿ-ը կոչ է անում նշանակալիորեն ընդլայնել օժանդակությունը՝ առաջիկա մարտահրավերներին դիմակայելու, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության խնդիրներին անհապաղ արձագանքելու համար, որը հաշվի կառնի խոցելի խմբերի, երեխաների, կանանց, տղամարդկանց և ոչ ֆորմալ սեկտորում ներգրավված անձանց վրա ազդեցությունների դիֆերենցվածությունը: Սա հատկապես հրատապ է` հաշվի առնելով այն, որ 4 միլիարդ մարդ` աշխարհի բնակչության ավելի քան կեսը, այդ թվում՝ յուրաքանչյուր երեք երեխայից երկուսը, չունեն կամ ունեն ոչ բավարար սոցիալական պաշտպանվածություն: