EN | AM

Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պաշտպանիչ միջոցների նոր խմբաքանակ փոխանցեց Առողջապահության նախարարությանը

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը COVID-19 համավարակի դեմ պայքարում շարունակում է լինել ՀՀ կառավարության և Հայաստանի ժողովրդի կողքին։ Այս անգամ անհատական պաշտպանիչ միջոցների նոր խմբաքանակ է տրամադրվել ՀՀ առողջապահության նախարարությանը։

ՄԱԲՀ Վերարտադրողական առողջության բարելավման ծրագրի շրջանակում ձեռք բերված 35,000 դիմակներն ու 50,000 զույգ ձեռնոցը նախարարության միջոցով կբաշխվեն կանանց առողջությամբ և խնամքով զբաղվող հաստատություններին, այդ թվում՝ առողջության առաջնային պահպանման կենտրոններին և ծննդատներին։ 

COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում մարտ ամսից սկսած ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը շարունակական աջակցություն է տրամադրել վարակի պայմաններում Հայաստանի բնակչության պաշտպանվածության մեծացման օժանդակելու նպատակով։ ՀՀ առողջապահության նախարարությանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրված անհատական պաշտպանիչ միջոցները բաշխվել են սոցիալապես խոցելի խմբերին եւ առողջապահական հաստատություններին։ Պաշտպանիչ միջոցներ են ձեռք բերվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի համար։