Մանդատը
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ունենալով ամենալայն մանդատը, կայուն զարգացման խնդիրների շուրջ աշխատում է բոլոր ուղղություններով:
ՄԱԶԾ-ն գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` ճգնաժամերին դիմակայելու հարցում զորակցելով պետություններին: ՄԱԶԾ-ն խթանում է այնպիսի աճը, որը բարելավում է յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով ավելի քան 170 երկրում և տարածքում`մենք մատուցում ենք համաշխարհային փորձը և առաջարկում տեղական լուծումներ` նպաստելու մարդկանց հնարավորությունների ընդլայնմանը և աջակցելու դիմակայուն պետությունների կառուցմանը:
ՄԱԶԾ-ն Հայաստանում
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը խթանում է հավասար հնարավորություններ և արժանապատիվ կյանք բոլորի համար` մոդելավորելով ու կյանքի կոչելով Հայաստանի զարգացման խնդիրների նորարար և կայուն լուծումներ:
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը հիմնվել է 1993 թ. և այդ ժամանակից դարձել է ՀՀ Կառավարության և այլ շահագրգիռ կողմերի ռազմավարական և կարևոր գործընկեր` աջակցելով մարդկային զարգացման մակարդակը բարելավելու և քաղաքացիներին բարեկեցիկ կյանքով ապահովելու նրանց ջանքերին: Անհրաժեշտության դեպքում այն հանդես է գալիս որպես միավորող ուժ` աջակցելով կառավարական և ոչ կառավարական դերակատարների միջև համագործակցությանն ու գործընկերությանը:
Արդյունավետ և արձագանքող կառավարման համակարգ զարգացնելու միջոցով ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն օգտագործում է համաշխարհային և տեղական փորձը` փորձարկելու և իրականացնելու զարգացման նորարարական և նորագույն ծրագրեր ու ծառայություններ: Այս ծրագրերը հասանելի են հասարակության լայն խավերին` տեղական ինքնակառավարման մարմիններից և համայքներից մինչև առանցքային նախարարություններ:
Մինչ այսօր ՄԱԶԾ ծրագրերի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 105 միլիոն դոլար, ներառյալ՝ ինչպես ՄԱԶԾ հիմնական ռեսուրսները, այնպես էլ կառավարության և դոնորների ներդրումները: 2004-2014 թթ. ՀՀ Կառավարության ներդրումը կազմել է 39 միլիոն դոլար:
ՄԱԶԾ երկրի ծրագիրը (Country Programme) լիովին համահունչ է ազգային գերակայություններին ու զարգացման կարիքներին և կենտրոնացած է երեք ոլորտների ուղղությամբ.
Տարածքային զարգացման ռազմավարության մշակման և իրականացման գործում ազգային կառույցներին աջակցելը, փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության բարձրացումը, արդյունավետ և կայուն գյուղատնտեսության ապահովումը, ինչպես նաև Երևանի քաղաքային կառուցվածքի վերականգնումն ու արդիականացումն Աղքատության հաղթահարման ծրագրի գործունեության հիմնական ուղղություններն են:
Ժողովրդավարական կառավարման ոլորտում ՄԱԶԾ-ն Հայաստանին օժանդակում է մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում իր միջազգային պարտավորությունները կատարելու հարցում, կանանց ներգրավում է տեղական մակարդակում որոշումների ընդունման գործընթացներում, նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործում աջակցում է ազգային շահագրգիռ կողմերին, ինչպես նաև ՄԱԶԾ ծրագրերում ներառում է նորարարական մոտեցումներ, ինչպիսիք են համատեղ նախագծումը (co-design), քրաուդսորսինգը (crowdsourcing) և վարքագծային դիտարկումը (behavioural insights): Սահմանների կառավարման հատվածի արդիականացումը և առևտուրն ու տարանցումը հեշտացնելու նպատակով սահմանային կառավարման մարմինների կարողությունների ամրապնդումը կառավարման ծրագրերի գործունեության մեկ այլ բնագավառ է, որտեղ շեշտը դրվում է առավել հաշվետվողականության, թափանցիկության և ներգրավվածության վրա:
Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման նպատակով կանոնակարգող դաշտի ստեղծումը, կլիմայի փոփոխության տեղական ազդեցությունների կրճատումը, կանաչ քաղաքաշինության և հողերի կայուն կառավարման խթանումը, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության իրականացումը «Շրջակա միջավայր և էներգետիկա» ծրագրերի գործունեության հիմնական ուղղություններն են: