EN | AM

Հազարամյակի հռչակագիր

ՀԶՆ 1 ՀԶՆ 2 ՀԶՆ 3

I. Արժեքներ և սկզբունքներ

1. Մենք՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներս, 2000թ. սեպտեմբերի 6-8-ը, նոր հազարամյակի արշալույսին, հավաքվել ենք ՄԱԿ-ի նյույորքյան Կենտրոնական գրասենյակում՝ վերահաստատելու մեր հավատն առ կազմակերպությունն ու իր կանոնադրությունը՝ որպես առավել խաղաղ, բարգավաճ ու արդար աշխարհի կայուն հիմքեր:

2. Մենք ընդունում ենք, որ մեր սեփական հասարակությունների հանդեպ ունեցած պատասխանատվություններից բացի՝ մենք հավաքական պատասխանատվություն ունենք՝ գլոբալ մակարդակով բարձր պահելու մարդկային արժանապատվության, հավասարության ու անաչառության սկզբունքները: Ուրեմն, որպես առաջնորդներ, մենք պարտավորություն ունենք աշխարհի բոլոր ժողովուրդների, հատկապես ամենախոցելիների եւ մասնավորապես աշխարհի ապագա տերերի՝ երեխաների առաջ:

3. Մենք վերահաստատում ենք մեր պարտավորությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների խնդրում, որոնք բոլոր ժամանակներում ապացուցել են իրենց հրատապությունն ու համընդհանրությունը: Իհարկե, դրանց pպատշաճությունն ու ներշնչելու զորությունն ավելացել է, քանի որ ազգերն ու ժողովուրդները դարձել են առավել փոխկապված ու փոխկախյալ:

4. Մենք նպատակամղված ենք ամբողջ աշխարհում ստեղծել կանոնադրության նպատակերին ու սկզբունքներին համահունչ արդար ու հարատևող խաղաղություն: Մենք մեկ անգամ ևս հավաստում ենք սատարել այն բոլոր ջանքերին, որոնք կոչված են բարձր պահել բոլոր երկրների ինքնիշխան հավասարությունը, հարգել նրանց տարածքային ամբողջականությունն ու քաղաքական անկախությունը, խաղաղ ճանապարհով և արդարադատության սկզբունքներին ու միջազգային օրենքին ներդաշնակ լուծել վեճերը, չմիջամտել պետությունների ներքին գործերին, հարգել գաղութային լծի ու օտար նվաճման տակ գտնվող ժողովուրդների ազգային ինքնորոշման իրավունքը, մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները, ինչպես նաև բոլորի հավասար իրավունքները՝ անկախ ցեղի, սեռի, լեզվի կամ կրոնի տարբերություններից և նպաստել միջազգային համագործակցությանը տնտեսական, սոցիալական, մշակութային ու մարդասիրական բնույթի միջազգային խնդիրներ լուծելիս:

5. Հավատում ենք, որ մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերն այսօր աշխարհի բոլոր ժողովուրդների համար գլոբալիզացիան դրական ուժ դարձնելն է: Քանի որ, չնայած գլոբալիզացիան մեծ հնարավորություններ է ընձեռում, ներկայումս դրա արդյունքներից օգտվում են քչերը, իսկ գինը վճարում են շատերը, և վնասները բաժին են հասնում շատ անհավասարաչափ: Ընդունում ենք, որ զարգացող երկրները և անցումային շրջանում գտնվող տնտեսություններն այս հիմնական մարտահրավերին դիմակայելիս առանձնակի դժվարությունների են հանդիպում: Այսպիսով, իր ամենայն բազմազանությամբ հանդերձ, համայն մարդկայնության վրա հիմնված ընդհանուր ապագա ստեղծելու լայնածավալ ու կայուն ջանքերով կարելի է միայն գլոբալիզացիան դարձնել համապարփակ և անաչառ: Այս ջանքերը պետք է ներառնեն գլոբալ մակարդակով քայլեր և միջոցներ, որոնք կհամապատասխանեն զարգացող պետությունների ու անցումային տնտեսությունների կարիքներին և կձևավորվեն ու կիրականան նրանց արդյունավետ մասնակցությամբ:

6. Մենք համարում ենք, որ քսանմեկերորդ դարում միջազգային հարաբերություններում մեծապես անհրաժեշտ կլինեն որոշակի մնայուն արժեքներ: Դրանք են.

  • Ազատություն. տղամարդիկ և կանայք իրավունք ունեն իրենց կյանքն ապրելու և արժանապատվորեն մեծացնելու իրենց երեխաներին՝ զերծ սովից, բռնության, ճնշման ու անարդարության վախից: Ժողովրդի կամքի վրա հիմնված ժողովրդավարական և մասնակցային կառավարումն այս իրավունքների լավագույն երաշխիքն է:
  • Հավասարություն. ոչ մի անհատ և ոչ մի ազգ չպետք է զրկվի զարգացումից օգտվելու հնարավորությունից: Տղամարդկանց ու կանանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները պետք է ապահովված լինեն:
  • Համերաշխություն. գլոբալ խնդիրները պետք է լուծվեն այնպես, որ արժեքներն ու ծանրությունը, անաչառության ու սոցիալական արդարության հիմնական սկզբունքներին համահունչ, արդար բաշխվեն: Նրանք, ովքեր տուժում են կամ նվազագույնն են օգտվում, առավել օգտվողների կողմից արժանի են օգնության:
  • Հանդուրժողություն. մարդ արարածներն՝ իրենց հավատամքի, մշակույթի ու լեզվի բազմազանությամբ հանդերձ, պետք է հարգեն միմյանց: Հասարակությունների ներսում և նրանց միջև գոյություն ունեցող տարբերությունները չպետք է ճնշել, ո՛չ էլ դրանցից վախենալ, այլ հարկ է փայփայել որպես մարդկության անգնահատելի արժանիք: Խաղաղության մշակույթն ու բոլոր քաղաքակրթությունների միջև երկխոսությունը պետք է ջանադրաբար խրախուսել:
  • Հարգանք բնության նկատմամբ. խնայողաբար, կայուն զարգացման հրահանգներին համապատասխան պետք է օգտագործել բնական պաշարներն ու բոլոր կենսատեսակները: Միայն այս ձևով կարող են մեզ տրված բնության անսահմանափակ հարստությունները պահպանվել ու փոխանցվել մեր սերունդներին: Այսօրվա արտադրության ու սպառման անկայուն ձևերը պետք է փոխվեն՝ ի շահ մեր և մեր սերունդների ապագա բարեկեցության:
  • Ընդհանուր պատասխանատվություն. աշխարհասփյուռ տնտեսական ու սոցիալական զարգացման, ինչպես նաև միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքների վերահսկման պատասխանատվությունը պետք է բաշխվի աշխարհի ազգերի միջև ու գործադրվի բազմակողմանիորեն: Որպես աշխարհի ամենահամընդհանուր և ամենաներկայացուցչական կազմակերպություն՝ Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է կենտրոնական դեր խաղա այս հարցում:

7. Որպեսզի այս համընդհանուր արժեքները վերածվեն գործողությունների, մենք առանձնացրել ենք մի շարք հիմնական խնդիրներ, որոնց վերագրում ենք հատուկ նշանակություն:


II. Խաղաղություն, անվտանգություն և զինաթափում

8. Մենք ջանքեր չենք խնայելու՝ մեր ժողովուրդներին ազատելու պատերազմների արհավիրքից՝ ներքին թե արտաքին, որոնք վերջին տասնամյակի ընթացքում 5 միլիոն մարդկային կյանք խլեցին: Մենք հետամուտ ենք լինելու նաև՝ նվազեցնելու զանգվածային ոչնչացման զենքերի առաջացրած վտանգները:

9. Ուստի մենք վճռում ենք.

  • Մեծացնել հարգանքը օրենքի իշխանության նկատմամբ ինչպես միջազգային, այնպես էլ ազգային հարաբերություններում և մասնավորապես ապահովել անդամ պետությունների ըմբռնումը ՄԱԿ-ի կանոնադրությանը համահունչ, նրանց ներկայությամբ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճիռների նկատմամբ:
  • Դարձնել ՄԱԿ-ն առավել արդյունավետ խաղաղության և անվտանգության պահպանման գործում՝ տրամադրելով նրան հակամարտությունների կանխմանը, վեճերի խաղաղ լուծմանը, խաղաղապահպանմանը, հետկոնֆլիկտային խաղաղության կառուցմանը և վերականգնմանը անհրաժեշտ միջոցներն ու գործիքները: Այս համատեքստում, նկատի ունենալով ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների հատուկ նիստի զեկույցը, խնդրում ենք Ընդհանուր վեհաժողովին անհապաղ հաշվի առնել վերջինիս հանձնարարականները:
  • Ուժեղացնել ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցությունը՝ կանոնադրության VIII գլխի դրույթներին համապատասխան:
  • Ապահովել այն միջազգային վավերագրերի կիրառումն անդամ պետությունների կողմից, որոնք առնչվում են զենքերի վերահսկման և զինաթափման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենքներին, ինչպես նաև կոչ անել բոլոր պետություններին՝ ստորագրել ու վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:
  • Ձեռնարկել միասնական գործողություններ միջազգային ահաբեկչության դեմ և հնարավորինս շուտ միանալ բոլոր համապատասխան միջազգային կոնվենցիաներին:
  • Կրկնապատկել մեր ջանքերը՝ իրականացնելու աշխարհում թմրամոլությանը հակահարված տալու մեր ստանձնած պարտավորությունները:
  • Զորացնել մեր ջանքերը՝ պայքարելու միջազգային հանցագործության բոլոր տարատեսակների, այդ թվում անօրինական փոխադրումների, մարդկանց մաքսանենգության ու դրամի լվացման դեմ:
  • Նվազեցնել ՄԱԿ-ի տնտեսական պատժամիջոցների հակազդեցությունը անմեղ բնակչության վրա, կանոնավոր վերանայման առարկա դարձնել այս պատժամիջոցների համակարգը՝ նվազեցնելով այդ պատժամիջոցների հակադիր ազդեցությունը երրորդ կողմի վրա:
  • Ձգտել զանգվածային ոչնչացման, հատկապես միջուկային զենքերի նվազեցմանը և այս նպատակին հասնելու համար կիրառել բոլոր միջոցները, ներառյալ միջազգային խորհրդաժողով գումարելու հնարավորությունը միջուկային վտանգների վերացման ուղիներ կանխորոշելու համար:
  • Համատեղ գործողություններ իրականացնել՝ դադարեցնելու փոքր զինատեսակների և թեթև զենքերի անօրինական փոխադրումները, հատկապես առավել թափանցիկ դարձնելով զենքերի փոխադրումները և օժանդակելով տարածաշրջանային զինաթափման միջոցառումներին, հաշվի առնելով փոքր զինատեսակների ու թեթև զենքերի անօրինական առևտրին նվիրված առաջիկայում կայանալիք ՄԱԿ-ի խորհրդաժողովի բոլոր հանձնարարականները:
  • Կոչ անել պետություններին միանալ Հակահետևակային ականների կիրառման, կուտակման, արտադրության ու տեղափոխման արգելման և դրանց ոչնչացման մասին կոնվենցիային, ինչպես նաև ականների լրափոխված արձանագրությանը՝ Պայմանական զենքերի մասին կոնվենցիային:

10. Մենք պնդում ենք, որ անդամ պետությունները պահպանեն Օլիմպիական զինադադարը անհատապես և համատեղ, այժմ և հետագայում, ինչպես նաև աջակցեն Միջազգային օլիմպիական կոմիտեի ջանքերին՝ սպորտի ու օլիմպիական արժեքների միջոցով խրախուսելու խաղաղությունն ու մարդկային փոխընբռնումը:


III. Զարգացում և աղքատության վերացում

11. Մենք ոչ մի ջանք չենք խնայի՝ ազատելու մեր տղամարդկանց, կանանց ու երեխաներին ծայրահեղ աղքատության խղճուկ ու անմարդկային պայմաններից, որոնց դատապարտված է ներկայում ավելի քան մեկ միլիարդ մարդ: Մենք լի ենք վճռականությամբ՝ իրական դարձնելու զարգացման իրավունքը բոլորի համար և կարիքից ազատագրելու համայն մարդկությանը:

12. Այդ իսկ պատճառով մենք որոշում ենք ստեղծել զարգացման և աղքատության վերացման նպաստավոր միջավայր՝ թե՛ գլոբալ և թե՛ ազգային մակարդակներով:

13. Այս նպատակներին հասնելու հաջողությունը, ի թիվս այլ գործոնների, կախված է պատշաճ կառավարումից յուրաքանչյուր երկրում: Այն կախված է նաև միջազգային մակարդակով պատշաճ կառավարումից և ֆինանսական, դրամական ու առևտրական կառուցվածքի թափանցիկությունից: Մենք հակված ենք բաց, լիիրավ, օրինապահ, կանխատեսելի և անկողմանակալ բազմակողմանի առևտրական ու ֆինանսական կառուցվածքին:

14. Մեզ անհանգստացնում են այն խոչընդոտները, որոնք ծառանում են զարգացող երկրների առջև իրենց կայուն զարգացման ֆինանսավորմանն անհրաժեշտ պաշարների կենտրոնացման ժամանակ: Ահա թե ինչու մենք ոչ մի ջանք չենք խնայի զարգացման ֆինանսավորմանը նվիրված 2001թ. նախատեսվող բարձր մակարդակի միջազգային ու միջկառավարական միջոցառման հաջող իրականացման համար:

15. Մենք նաև նախաձեռնում ենք անդրադառնալ թույլ զարգացած երկրների հատուկ կարիքներին: Այս համատեքստում մենք ողջունում ենք 2001թ. մայիսին կայանալիք թույլ զարգացած երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ կոնֆերանսը և կջանանք ապահովել դրա հաջողությունը: Մենք կոչ ենք անում զարգացած երկրներին.

  • որդեգրել թույլ զարգացած երկրների՝ հիմնական բոլոր արտահանումների մաքսատուրքից և չափաբաժնից զերծ քաղաքականություն (ցանկալի է մինչ կոնֆերանսը),
  • անհապաղ իրականացնել շատ պարտք ունեցող աղքատ երկրների պարտքերի մեղմացման առաջադրված ծրագիրը և համաձայնության գալ՝ չեղյալ հայտարարելու այդ երկրների բոլոր պաշտոնական երկկողմանի պարտքերը՝ ի պատասխան իրենց աղքատության նվազեցմանն ուղղված ակնհայտ պատրաստակամության և
  • առավել աջակցել հատկապես այն երկրների զարգացմանը, որոնք իսկապես ջանում են գործադրել իրենց ունեցած միջոցները աղքատության նվազեցման համար:

16. Մենք նույնպես լի ենք վճռականությամբ՝ բազմակողմանիորեն ու արդյունավետ կարգավորելու ցածր և միջին եկամտով զարգացող երկրների պարտքի խնդիրները զանազան ազգային և միջազգային միջոցներով, որոնք նպատակաուղղված են՝ երկարաժամկետ հաստատուն դարձնելու նրանց պարտքերը:

17. Մենք նույնպես վճռել ենք ընդառաջել փոքր կղզիների զարգացող երկրների հատուկ կարիքներին՝ արագորեն ու ամբողջությամբ կիրառելով Բարբադոսի գործողությունների ծրագիրը և Ընդհանուր վեհաժողովի 22-րդ հատուկ նստաշրջանի որոշումները: Մենք համառորեն կոչ ենք անում միջազգային հանրությանը հոգ տանել, որ փոքր կղզիների զարգացող պետությունների հատուկ կարիքները հաշվի առնվեն խոցելիության ինդեքսի հաշվարկման ժամանակ:

18. Մենք ընդունում ենք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հատուկ կարիքներն ու պրոբլեմները և թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմանի դոնորներին կոչ ենք անում ավելացնել ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը այս խմբի երկրներին՝ դիմակայելու զարգացման իրենց հատուկ կարիքները և օգնել նրանց՝ հաղթահարելու աշխարհագրական դիրքի հետ կապված դժվարությունները և բարելավելու տրանզիտ տրանսպորտի կառուցվածքը:

19. Մենք այնուհետ վճռել ենք.

  • մինչև 2015թ. կիսով չափ կրճատել աշխարհի այն մարդկանց տեսակարար կշիռը, որոնց օրվա եկամուտը 1 դոլարից պակաս է, և որոնք տառապում են քաղցից, ինչպես նաև մինչև նույն տարին կիսով չափ կրճատել այն մարդկանց տոկոսային հարաբերությունը, որոնց համար անմատչելի է խմելու անվտանգ ջուրը,
  • համոզվել, որ մինչև նույն թվականը երեխաներն ամենուր (տղա թե աղջիկ հավասարապես) հնարավորություն կունենան ավարտել տարրական ուսուցման լրիվ դասընթացը, և աղջիկներն ու տղաները հավասար հնարավորություն կունենան կրթության բոլոր մակարդակներում,
  • նույն ժամանակահատվածում 3/4-ով կրճատել մայրական մահացության ներկայիս տոկոսը, իսկ մինչև հինգ տարեկան երեխաներինը՝ 2/3-ով,
  • մինչ այդ թվականը կասեցնել, ապա նվազեցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիմանական մահացու հիվանդությունների տարածումը, որոնցով տառապում է մարդկությունը,
  • հատուկ օժանդակություն ցույց տալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից որբացած երեխաներին,
  • մինչև 2020թ. նշանակալիորեն բարելավել առնվազն 100 մլն ետնախորշաբնակների կյանքը՝ համաձայն "Քաղաքներ՝ առանց ետնախորշերի" նախաձեռնության առաջարկների:

20. Մենք որոշել ենք նույնպես.

  • առաջ քաշել գենդերային հավասարության և կանանց զորացման հարցը՝ որպես աղքատության, սովի, հիվանդությունների հաղթահարման և կայուն զարգացմանը նպաստող իրոք ազդեցիկ միջոց,
  • զարգացնել ու իրականացնել այնպիսի մարտավարություն, որը երիտասարդությանն ամենուր համապատասխան ու օգտակար աշխատանք գտնելու հնարավորություն կտա,
  • նպաստել դեղագործության արդյունաբերությանը, որպեսզի զարգացող երկրներում անհրաժեշտ դեղերը առավել մատչելի լինեն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն,
  • սերտ համագործակցություն ծավալել անհատական սեկտորի ու քաղաքացիական հասարակական կազմակերպությունների միջև զարգացումը խթանելու ու աղքատությունը վերացնելու նպատակով,
  • միջոցներ ձեռնարկել, որպեսզի, համաձայն ECOSOC-ի 2000թ. Նախարարների հռչակագրով հաստատված երաշխավորությունների, նոր, հատկապես տեղեկատվության ու հաղորդակցության բնագավառի սարքավորումները մատչելի լինեն բոլորին:

IV. Պահպանել մեր շրջակա միջավայրը

21. Մենք ոչ մի ջանք չպետք է խնայենք, որպեսզի ամբողջ մարդկությանը և առավելապես մեր երեխաներին ու թոռներին զերծ պահենք մարդու գործունեության հետևանքով անդառնալիորեն աղտոտված մոլորակում ապրելու սպառնալիքից, որի պաշարներն այլևս բավարար չեն լինի իրենց կարիքները հոգալու համար:

22. Մենք վերստին հաստատում ենք մեր օժանդակությունը կայուն զարգացման սկզբունքներին, ներառյալ □Օրակարգ 21□-ում առաջադրվածները, որոնց շուրջ համաձայնության են եկել ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ու զարգացման համաժողովում:

23. Ըստ այդմ, մենք վճռել ենք շրջակա միջավայրին առնչվող մեր բոլոր գործողություններում ընդունել պահպանման ու տնտեսավարման նոր էթիկա և, որպես նախնական քայլեր, որոշում ենք.

  • ամեն ճիգ գործադրել՝ գործողության մեջ դնելու Կիոտոյի որոշումը, ցանկալի է մինչև 2002թ.՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման համաժողովի տասնամյակի տարեդարձը, և նվազեցնել նախատեսած չափով ջերմոցային գազերի արձակումը,
  • ակտիվացնել մեր համընդհանուր ջանքերը բոլոր տեսակի անտառների տնօրինման, պահպանման և կայուն զարգացման համար,
  • հասնել նրան, որ ամբողջությամբ կիրառվեն Կենսաբազմազանության մասին և Անապատացման դեմ պայքարի կոնվենցիաներն այն երկրներում, որտեղ երաշտի կամ անապատացման լուրջ սպաառնալիք կա (հատկապես Աֆրիկայում),
  • դադարեցնել ջրային պաշարների ոչ ռացիոնալ սպառումը՝ մշակելով ջրային պաշարների օգտագործումը բարելավող տարածաշրջանային, ազգային և տեղական մակարդակների մարտավարություն, որը նպաստի ջրի թե՛ անաչառ մատչելիությանը և թե՛ բավարար առաջարկին,
  • ակտիվացնել համագործակցությունը՝ նվազեցնելու բնական և արհեստական աղետների քանակն ու ազդեցությունը,
  • երաշխավորել մարդկային գենոմի տեղեկատվության մատչելիությունը:

V. Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և պատշաճ կառավարում

24. Մենք ոչ մի ջանք չենք խնայի՝ խրախուսելու ժողովրդավարությունը և ամրապնդելու օրենքի գերակայությունը, ինչպես նաև հարգելու միջազգային հանրության կողմից ճանաչված մարդու իրավունքները և հիմնական ազատությունները՝ ներառնելով առաջընթացի իրավունքը:

25. Ուստի մենք վճռականորեն որոշում ենք.

  • լիովին հարգել և պաշտպանել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,
  • պայքարել, որ մեր երկրներում խրախուսվեն և պահպանվեն անխտիր բոլոր մարդկանց քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները,
  • ամրապնդել մեր երկրների կարողությունները՝ ի կատար ածելու ժողովրդավարության հիմնական չափանիշները և սկզբունքները, ինչպես նաև պահպանել մարդու իրավունքները և փոքրամասնությունների իրավունքները,
  • պայքարել կանանց հանդեպ բռնության բոլոր ձևերի դեմ՝ ի կատար ածելով Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան,
  • ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու փախստականների, միգրանտ աշխատուժի և նրանց ընտանիքների մարդու իրավունքների պահպանումը, կասեցնել բազմաթիվ հասարակություններում արձանագրված ռասիզմի և օտարատյացության դեպքերի աճումը, խրախուսել բոլոր հասարակարգերում առավել վեհ ներդաշնակությունը և հանդուրժողականությունը,
  • աշխատել միասնական քաղաքական գործընթացն ավելի ընդգրկուն դարձնելու ուղղությամբ՝ հնարավորություն տալով երկրների բոլոր քաղաքացիներին մասնակից դառնալ իրենց պետության քաղաքական կյանքին,
  • ապահովել մամուլի ազատությունը, աջակցել նրան՝ իրականացնելու իր առաքելությունը, ինչպես նաև երաշխավորել հանրության իրազեկության իրավունքը:

VI. Խոցելի խավերի պաշտպանություն

26. Մենք ոչ մի ջանք չենք խնայի՝ օժանդակելու բնական աղետներից, ցեղասպանությունից, զինված առճակատումներից և այլ արհավիրքներից տուժած երեխաներին և մյուս քաղաքացիական բնակչությանը՝ շուտափույթ վերադառնալու կանոնավոր կյանքին:

Ուստի մենք վճռականորեն որոշում ենք.

  • ընդարձակել և զորացնել քաղաքացիական բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում՝ համապատասխանեցնելով այն միջազգային համամարդկային չափանիշներին,
  • զորացնել միջազգային համագործակցությունը՝ մասնակից դառնալով և համաձայնեցնելով մարդասիրական գործողություններն այն երկրների հետ, որոնք ապաստանել են փախստականներին, օգնել նրանց և այլ բռնի ձևերով տեղահանված բնակչությանը հոժարակամ վերադառնալու իրենց բնակավայրերը՝ ապահովելով անվտանգ ու արժանապատիվ կյանք, ինչպես նաև նրանց անխափան մերձեցումը տվյալ հասարակարգերում,
  • վավերացնել և իրականացնել Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և կամընտիր արձանագրությունները, երեխաներին զինված ընդհարումների մեջ ներրքաշման, երեխաների առք ու վաճառքի, մանկական պոռնկության և մանկական պոռնոգրաֆիայի մասին փաստաթղթերը:


VII. Հոգածություն Աֆրիկայի հատուկ կարիքներին

27. Մենք կաջակցենք Աֆրիկայում ժողովրդավարության սկզբունքների արմատավորմանը և կսատարենք աֆրիկացիների պայքարին՝ հանուն աղքատության նվազեցման, կայուն զարգացման ու խաղաղության:

28. Ուստի մենք վճռականորեն որոշում ենք.

  • միանգամայն ամբողջական աջակցություն ցուցաբերել աֆրիկայի նորաստեղծ ժողովրդավարություններին թե՛ քաղաքական և թե՛ կառուցվածքային ասպարեզներում,
  • խրախուսել տարածաշրջանային և տարածքային մեխանիզմների կայունացումը՝ կանխելով առճակատումները, օժանդակելով քաղաքական կայունացմանը, ինչպես նաև ապահովել միջոցների անխափան հոսքը տարածաշրջան խաղաղապահ գործողություններ անցկացնելու համար,
  • հատուկ միջոցառումներ ձեռնարկել աղքատության նվազեցման, Աֆրիկայի կայուն զարգացման, պարտքերի կասեցման նպատակով, ապահովել զարգացմանը նպատակաուղղված պաշտոնական օգնությունը, արտասահմանյան ներդրումները, ինչպես նաև տեխնոլոգիաների ազատ հոսքը տարածաշրջան,
  • օգնել աֆրիկյան երկրներին՝ սանձահարելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պանդեմիան և այլ տարափոխիկ հիվանդությունները:


VIII. Միավորված ազգերի հզորացում

29. Մենք ոչ մի ջանք չենք խնայի՝ դարձնելու ՄԱԿ-ն ավելի ազդեցիկ գործիք, հետամուտ լինելով այնպիսի առաջնահերթ խնդիրների կատարմանը, ինչպիսին են պայքարն աշխարհի բոլոր ժողովուրդների զարգացման համար, պայքարն աղքատության, անիրազեկության և հիվանդությունների դեմ, պայքարը բռնության, ահաբեկչության և ոճրագործությունների դեմ, պայքարը մեր ընդհանուր տան քայքայման և կործանման վտանգի դեմ:

30. Ուստի մենք վճռականորեն որոշում ենք.

  • կրկին անգամ հաստատել Ընդհանուր վեհաժողովի՝ որպես ՄԱԿ-ի հիմնական խորհրդակցական, քաղաքականություն ձևավորող և ներկայացուցչական մարմնի կենտրոնական դիրքը՝ հնարավորություն տալով նրան իր դերն ավելի ազդեցիկ դարձնել,
  • առավել եռանդով աշխատել Անվտանգության խորհրդի համապարփակ, բազմակողմանի բարեփոխումների ուղղությամբ,
  • զորացնել Տնտեսական և սոցիալական խորհուրդը՝ հիմնվելով նրա վերջին նվաճումների վրա, օգնելով կատարելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ վերապահված դերը,
  • զորացնել Արդարադատության միջազգային դատարանը՝ ապահովելով արդարության և օրենքի գերակայությունը միջազգային հարաբերություններում,
  • խրախուսել կանոնավոր խորհրդակցություններն ու համակարգումը ՄԱԿ-ի գլխավոր մարմինների միջև, որպեսզի նրանք հետամուտ լինեն իրենց առօրյա գործունեությանը,
  • վստահ լինել, որ կազմակերպությունը ժամանակին և գուշակելի հիմունքներով կապահովի անհրաժեշտ միջոցները՝ նախատեսված գործունեությունը կատարելու համար,
  • հորդորել Քարտուղարությանը ընտրել այդ միջոցների իրացման լավագույն տարբերակը՝ ներդաշնակ և հստակեցված այն օրենքների ու կանոնակարգերի հետ, որոնք Ընդհանուր վեհաժողովի կողմից ճանաչվել են որպես անդամ երկրների շահերը հետապնդող, ավելի որակյալ կառավարման և առկա տեխնոլոգիաների շնորհիվ կենտրոնանալով այն առաջադրանքների վրա, որոնք արտացոլում են անդամ երկրների հետ համաձայնեցրած առաջնահերթ խնդիրները,
  • հավատարիմ լինել Միավորված ազգերի կազմակերպության և մասնակից կազմի անվտանգության մասին կոնվենցիային,
  • ապահովել ավելի մարտական քաղաքականություն և ավելի լավ համագործակցություն ՄԱԿ-ի, իր գործակալությունների, Բրետտոն Վուդի հաստատությունների և Համաշխարային առևտրի կազմակերպության, ինչպես նաև այլ բազմակողմանի մարմինների միջև՝ ուղղված խաղաղության և զարգացման խնդիրների ավելի լիարժեք համակարգմանը,
  • հետևողականորեն ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի և ազգային ժողովների միջև՝ օգտագործելով Միջպառլամենտական միության հատուկ կառույցը տարբեր նպատակներ իրագործելու համար, ներառելով խաղաղությունը, տնտեսական և սոցիալական զարգացումը, միջազգային օրենսդրությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և գենդերային հարցադրումները,
  • ավելի մեծ ասպարեզ նախատեսել մասնավոր սեկտորի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության համար՝ ընդհանուր առմամբ հնարավորություն տալով իրենց ներդրումը կատարել կազմակերպության նպատակների և ծրագրերի իրագործման խնդրում:

31. Մենք առաջարկում ենք Ընդհանուր վեհաժողովում պարբերաբար արձանագրել այս հռչակագրի շրջանակներում կատարված առաջընթացը և դիմել Գլխավոր քարտուղարին պարբերական զեկույցներ թողարկելու խնդրանքով, որոնք ի գիտություն կառնվեն Ընդհանուր վեհաժողովի կողմից հետագա նախաձեռնությունների հիմք ծառայելու համար:

32. Օգտվելով այս պատմական իրադարձությունից՝ մենք միաձայն հավաստիացնում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունը աշխարհի ողջ մարդկանց համընդհանուր ընտանիքի անձեռնմխելի տունն է, որի միջոցով մենք կփորձենք իրագործել խաղաղության, համագործակցության և զարգացման մեր ընդհանուր երազանքը: Մենք խոստանում ենք անսահմանափակ աջակցություն այս ընդհանուր նպատակները կատարելու համար եւ վճռականություն՝ հասնելու այդ նպատակներին:

8 Սեպտեմբերի 2000թ.