EN | AM

Մարդու իրավունքների հատուկ ընթացակարգեր


Հաղորդումներ

Հատուկ ընթացակարգերի մեխանիզմները, հրատապ բողոքներ ներառող նամակների կամ այլ հաղորդումների միջոցով, կարող են ուղղակիորեն միջամտել կառավարությունների գործերին, երբ խոսքը մարդու իրավունքների ենթադրյալ այնպիսի խախտումների մասին է, որոնք վերաբերում են նրանց մանդատին։ Միջամտությունը կարող է վերաբերել մարդու իրավունքների այնպիսի խախտումներին, որոնք արդեն տեղի են ունեցել, ընթացքի մեջ են կամ հավանական է, որ տեղի ունենան։ Գործընթացի շրջանակներում համապատասխան պետությանն ուղարկվում է նամակ, որում մատնանշվում են ենթադրյալ խախտումների փաստերը, մարդու իրավունքների կիրառելի նորմերը եւ չափանիշները, մանդատը կրող(ներ)ի մտահոգություններն ու հարցերը եւ խնդրանք՝ ձեռնարկելու հետագա կանխարգելիչ կամ հետաքննող գործողություններ։ Հաղորդումները կարող են վերաբերել մարդու իրավունքների խախտումների անհատական դեպքերին, ընդհանուր միտումներին, կոնկրետ խմբի կամ համայնքի առնչվող դեպքերի կամ գոյություն ունեցող կամ նախագծման փուլում գտնվող օրենսդրական ակտերի, որոնք ամբողջովին չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Որոշ դեպքերում հաղորդումներն ուղարկվում են նաեւ միջկառավարական կազմակերպություններին կամ ոչ պետական դերակատարներին։

Միջամտելու որոշումը մանդատը կրողների հայեցողության շրջանակներում է եւ կախված է համապատասխան մանդատների ներքո սահմանված տարբեր չափանիշներից, ինչպես նաեւ Վարքագծի կանոնագրքում ամրագրված չափանիշներից։ Չափանիշներն, ընդհանուր առմամբ, վերաբերում են հետեւյալին. աղբյուրի հուսալիությունը եւ ստացված տեղեկության վստահելիությունը, ներկայացված մանրամասներն ու մանդատի ընդգրկումը։ Հաղորդումները կարող են ուղարկվել մանդատը կրողի կողմից՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք ենթադրյալ տուժողը սպառել է պաշտպանության ներպետական միջոցները, եւ արդյոք համապատասխան պետությունը վավերացրել է մարդու իրավունքների միջազգային կամ տարածաշրջանային փաստաթղթերը։

Ինչպես տեղեկություն տրամադրել հատուկ ընթացակարգերի համար

Որպեսզի բողոքը գնահատվի, անհրաժեշտ է տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. ենթադրյալ տուժող(ներ)ի ինքնությունը.
  2. ենթադրյալ խախտում իրականացնողների ինքնությունը (եթե հայտնի է), այդ թվում՝ հիմնավորված տեղեկություններ՝ ներգրավված բոլոր դերակատարների, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, ոչ պետական դերակատարների վերաբերյալ.
  3. հաղորդումը ներկայացնող անձի/անձանց կամ կազմակերպության/ կազմակերպությունների ինքնությունը, եթե տարբեր է տուժողի ինքնությունից (այս տեղեկության գաղտնիությունը կապահովվի).
  4. դեպք(եր)ի կամ խախտման ամսաթիվը, վայրը եւ հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը։ Ներկայացված տեղեկությունները կարող են վերաբերել այնպիսի խախտումների, որոնց մասին ասվում է, որ արդեն տեղի են ունեցել, ընթացքի մեջ են կամ ուր որ է՝ տեղի կունենան։

Հնարավոր է, որ անհրաժեշտ լինեն այլ մանրամասներ՝ կապված կոնկրետ ենթադրյալ խախտման հետ՝ կախված այն մանդատ(ներ)ից, որին կամ որոնց հասցեագրված է կամ առնչվում է ներկայացված հաղորդումը։

Հաղորդումները, որոնք գրված են վիրավորանքներ պարունակող լեզվով  կամ ակնհայտ քաղաքական դրդապատճառ ունեն, չեն դիտարկվի։ Հաղորդումները չպիտի հիմնված լինեն բացառապես մամուլի հրապարակումների վրա։

Հատուկ ընթացակարգերի համար տեղեկությունների տրամադրման հարցաշար

Ենթադրյալ խախտումների դիտարկումը դյուրացնելու նպատակով տեղեկություն ներկայացնելու ցանկություն ունեցող անձանց համար առկա են մի շարք մանդատների վերաբերող հարցաշարեր։ Հաղորդումները դիտարկվում են նույնիսկ այն դեպքերում, երբ ներկայացված չեն հարցաշարի տեսքով։ Հատուկ ընթացակարգի առանձին մանդատների անհատական հաղորդումների չափանիշների վերաբերյալ կոնկրետ տեղեկություն ստանալու նպատակով կարող եք այցելել թեմատիկ մանդատների կամ երկրների մանդատների առանձին վեբկայքեր։ Ցանկալի է, որ հաղորդումները ներկայացվեն անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել դրանց դիտարկումն առանց ուշացումների։

Ենթադրյալ խախտումների վերաբերյալ հաղորդումների ներկայացման՝ մանդատներից յուրաքանչյուրով սահմանված պահանջներին ծանոթանալուց հետո տեղեկությունները կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով՝ urgent-action@ohchr.org հասցեին, կամ սովորական փոստով՝ հետեւյալ հասցեին.

OHCHR-UNOG 
8-14 Avenue de la Paix 
1211 Geneva 10 
Switzerland

Տուժածների եւ աղբյուրների պաշտպանություն

Պետք է նշել, որ ո՛չ Հատուկ ընթացակարգի մանդատ կրողները, ո՛չ էլ Միավորված ազգերի կազմակերպությունը չեն տիրապետում միջոցների՝ ապահովելու այն անձանց անվտանգությունը, որոնց անունից, հնարավոր է՝ իրականացնեն միջամտություն։

Ուղարկված հաղորդումները եւ պետության կողմից ստացված պատասխանները գաղտնի են մնում, քանի դեռ չեն հրապարակվել Մարդու իրավունքների խորհրդի յուրաքանչյուր կանոնավոր նստաշրջանին (մարտին, հունիսին եւ սեպտեմբերին) ներկայացվող՝ հաղորդումների վերաբերյալ զեկույցներում։ Այդուհանդերձ, որոշակի իրավիճակներում, այդ թվում՝ հատկապես մտահոգիչ դեպքերում, հատուկ ընթացակարգի լիազոր մարմինը կարող է հանրային հայտարարություն կատարել նախքան զեկույցի հրապարակումը։

Ենթադրյալ տուժողների անունները սովորաբար ներառվում են պետությանն ուղարկվող հաղորդման մեջ, որպեսզի իշխանության իրավասու մարմինները հետաքննեն ենթադրյալ խախտումները կամ ձեռնարկեն համապատասխան կանխարգելիչ քայլեր։ Այս անունները հրապարակվում են նաեւ հաղորդումների վերաբերյալ զեկույցներում, բացառությամբ այն դեպքերի, երբ, մասնավոր կյանքի անձեռնմխելիության կամ անվտանգության պահանջներից ելնելով, անհրաժեշտ է գաղտնի պահել մտահոգության առարկա տուժողների ինքնությունը։

Տեղեկատվության աղբյուրի ինքնությունը միշտ պահվում է գաղտնի եւ չի ներառվում ոչ կառավարություններին ուղարկվող հաղորդումներում, ոչ էլ հաղորդումների վերաբերյալ հանրային զեկույցներում։

Հետագա զարգացումների մասին տեղեկատվություն

Անհատներն ու կազմակերպությունները խրախուսվում են թարմ տվյալներ ներկայացնել իրենց կողմից հատուկ ընթացակարգերի ուշադրությանը ներկայացված գործի հետ կապված նոր զարգացումների վերաբերյալ՝ այդօրինակ տեղեկություններն ուղարկելով urgent-action@ohchr.org էլեկտրոնային հասցեին եւ այն լիազոր մարմնին/ մարմիններին, որին կամ որոնց հասցեագրել էին իրենց հաղորդումը։ Նոր տեղեկությունները կարող են վերաբերել հետեւյալ դեպքերին. մտահոգության առարկա անձի ազատ արձակում, դատարանի նոր որոշում կամ իշխանության համապատասխան մարմնի կողմից իրավիճակի բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլ։

Հաղորդումների վերաբերյալ զեկույցներ

Հատուկ ընթացակարգերը Մարդու իրավունքների խորհրդին ներկայացնում են հաղորդումների վերաբերյալ զեկույցներ, որոնք պարունակում են նախորդ հաշվետու շրջանում ուղարկված հաղորդումների ամփոփումները։ 2011 թ. սեպտեմբերից ի վեր ուղարկված բոլոր հաղորդումների եւ ստացված բոլոր պատասխանների տեքստերը հասանելի են պարբերական այս զեկույցների միջոցով։ Որոշ լիազոր մարմիններ շարունակել են ամենամյա պարբերականությամբ հրապարակել ստացված պատասխանների վերաբերյալ իրենց դիտարկումները։

Բողոքների այլ ընթացակարգեր

Մարդու իրավունքների միջազգային համակարգի շրջանակներում ստեղծվել են բողոքների ներկայացման մի շարք այլ մեխանիզմներ նույնպես։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Մարդու իրավունքների պայմանագրային մարմինների բողոքների ներկայացման ընթացակարգերի եւ Մարդու իրավունքների խորհրդի բողոքների ներկայացման ընթացակարգերի համացանցային էջերը։