EN | AM

Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ «Ես ու բնության իմ անկյունը» բնապահպանական ճամբար

Նոյեմբերի 1-2-ը Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում 40 դպրոցականներ Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի մարզերից և Երևանից մասնակցեցին բնապահպանական ճամբարի, որը կազմակերպել էին  WWF-Հայաստանն ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Այս ճամբարը գարնանը մեկնարկած «Ես ու բնության իմ անկյունը» բնապահպանական կրթական արշավի ամփոփիչ փուլն էր, որին մասնակցում էին «Ես ու բնության իմ անկյունը» լուսանկարների մրցույթի մասնակիցներ, ինչպես նաև մի խումբ այլ դպրոցականներ։

Ճամբարի ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները զանազան խաղերի և տեսանյութերի միջոցով պատմեցին ՄԱԿ-ի գործունեության ու ծրագրերի, ինչպես նաև Կայուն զարգացման 17 նպատակների մասին, որոնք ուղղված են մինչև 2030 թ. վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները: «Շատ կարևոր նպատակներ են, և եթե բոլորս մասնակցենք, դրանք կնպաստեն Հայաստանի զարգացմանը»,- ասաց ճամբարական Ֆրիդա Գևորգյանը Վայքից։

Ճամբարի երկրորդ օրը WWF-Հայաստանի ներկայացուցիչները ճամբարականներին ներկայացրին կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի մանրամասները, ինչպես նաև դաշտային ուսումնասիրությունների ժամանակակից մեթոդները։ Երեխաները հնարավորություն ունեցան տեսնելու վայրի կենդանիների դիտարկումների համար նախատեսված թաքնված ֆոտո և տեսախցիկները, յուրացրին դրանց տեղադրման և աշխատանքի սկզբունքները: Մասնակիցներին հաջողվեց տեսնել բեզոարյան այծերի վայրի բնության մեջ:

Ճամբարը հագեցած էր ինտերակտիվ խաղերով, մրցույթներով և երգ ու պարով:  «Ես ու բնության իմ անկյունը» լուսանկարչական մրցույթի մասնակից լավագույն երեքի նկարների հեղինակները նվերներ ու շնորհակալագրեր ստացան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և WWF-Հայաստանի կողմից։ Շնորհակալագրեր և հուշանվերներ ստացան նաև ճամբարի մյուս մասնակիցները։

***

«Ես և բնության իմ անկյունը» բնապահպանական արշավի շրջանակներում Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ հունիսի 5-ին, Երևանի Սիրահարների այգում, ավելի ուշ նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ցուցադրվել էին Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականների աշխատանքները, որոնցում պատկերված են երեխաները՝ բնության իրենց սիրելի վայրում։ Արշավի նպատակն էր դպրոցահասակ երեխաներին իրազեկել կայուն զարգացման բնապահպանական նպատակների, ինչպես նաև Հայաստանի մի շարք վտանգված կենդանատեսակների՝ Կովկասյան ընձառյուծի, Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի և նրանց ապրելավայրի պահպանության կարևորության մասին։