EN | AM

Իրականացվեց հումանիտար օգնության և աղետների նախապատրաստման վերաբերյալ միջգերատեսչական ուսումնական վարժանք

Օգոստոսի 2-ին Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ ՄԱԿ-ի միգրացիոն գործակալության աջակցությամբ առաջին անգամ իրականացվեց Հայաստանի և Վրաստանի միջև հումանիտար օգնության և աղետների նախապատրաստման վերաբերյալ միջգերատեսչական ուսումնական վարժանք` Հայաստանում Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի և այլ կազմակերպությունների ֆինանսական և բովանդակային ներդրմամբ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության խնդրանքով հայ-վրացական սահմանի Գոգավանի հատվածում ՄՄԿ-ն կազմակերպեց սիմուլյացիոն վարժանք սահմանային անվտանգութան համար պատասխանատու մարմինների ավելի քան 30 ներկայացուցիչների մասնակցությամբ: Վարժանքի նպատակն էր բարձրացնել պատրաստվածությունը և զարգացնել հայկական կողմի կարողությունները հումանիտար ճգնաժամի արձագանքման, այդ թվում նաև հակամարտությունների պատճառով իրականացվող տեղահանման ժամանակ: ՄԱԿ ՓԳՀ-ն՝ որպես ՄԱԿ-ի անդամ կառույց, որն ակտիվորեն ներգրավված է արտակարգ իրավիճակների պլանավորման և պատրաստվածության գործընթացներում՝ կապված դեպի Հայաստան հնարավոր ներհոսքի հետ, մասնակցություն է ունեցելմիգրացիոն հոսքերի կառավարման վարժանքի իրականացմանը՝ կոորդինացնելով աշխատանքային խմբերին և տրամադրելով միջոցառման իրականացման հետ կապված համապատասխան այլ օժանդակություն:

Այս նախաձեռնությունն ի հայտ եկավ դեպի Հայաստան աճող միգրացիայի արդյունքում (այդ թվում՝ Սիրիայից) և այն արդիական է կլիմայի հետևանքով տեղի ունեցող տեղահանման շուրջ մտավախությունների համատեքստում:

«Հարավային Կովկասի լեռնային մասն աշխարհի առավել սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկն է»,- նշեց ՄՄԿ Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը: «Երկրաշարժերը, ջրհեղեղներն ու սողանքները, որպես այդպիսին, կարող են կործանարար լինել բնակչության և տնտեսությունների համար: Տարածաշրջանում ռազմական գործողությունների ռիսկով է պայմանավորված համատեղ վարժանքների կարևորությունը: Չափազանց կարևոր է, որ սահմանի համար պատասխանատու կառույցները լավ պատրաստված լինեն»:

Հայկական կողմից մասնակցող պաշտոնյաները սահմանային կառավարման, ոստիկանության, առողջապահական և գյուղատնտեսական կառույցների ներկայացուցիչներն էին, որոնք կենտրոնացած էին հումանիտար պատասխանատվության, միգրանտների ապահովության և արժանապատվության միջև հավասարակշռությունը պահպանելու, ինչպես նաև գրանցման և պաշտպանության բարելավման միջոցով կանոնավոր միգրացիա իրականացնելու վրա: Վրաստանի ներկայացուցիչները մասնակցում էին դիտորդի կարգավիճակով:

Գոգավանի սահմանային անցակետից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա վարժանքի համար ստեղծվեց փոքր ճամբար, որտեղ մասնակիցներն աշխատեցին համատեղ՝ քննարկելով ապաստանի տրամադրումը, սննդի և մաքուր ջրի հասանելիությունը, սանիտարական միջոցները, ինչպես նաև միգրանտների բժշկական կարիքները:

«Նման վարժանքները պետք է իրականացվեն առավելագույն իրատեսական ձևով` առկա բացթողումները վեր հանելու և դրանք շտկելու համար»,- վարժանքի ժամանակ նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: