EN | AM

Ճգնաժամային իրավիճակներում միգրացիային առնչվող տվյալների կառավարումը

Սեպտեմբերի 26-ին և 27-ին ՄՄԿ Հայաստանի առաքելությունը կազմակերպեց երկօրյա ինտերակտիվ աշխատաժողով՝ նվիրված ճգնաժամային իրավիճակներում միգրացիային առնչվող տվյալների կառավարմանը: Աշխատաժողովի նպատակն էր ուշադրություն հրավիրել ճգնաժամային իրավիճակներում տվյալների փոխանակման և տեղեկավության կառավարման ոլորտում եղած բացթողումների վրա և խթանել համագործակցությունը պատասխանատու պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների միջև: Աշխատաժողովի մասնակիցները, որոնք ներկայացնում էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Միգրացիոն պետական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, Պաշտպանության նախարարությունը, Ոստիկանությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, ՄԱԿ ՓԳՀ-ն քննարկեցին տեղահանման, միջսահմանային տեղաշարժերի տարբեր սցենարներ, ինչպես նաև արագ հարցման/գրանցման մեխանիզմները և այս իրավիճակներում կառավարության կարիքները:  ՄՄԿ-ն մասնակիցներին ներկայացրեց իր կողմից մշակված տվյալների հավաքման և պահեստավորման գործիքակազմը, ինչպես նաև գրանցման, տեղահանման հետագծման, տեղեկատվության կառավարման ու վերլուծության, տարածման և տվյալների պաշտպանությունը մեթոդաբանությունը:

Աշխատաժողովն անցկացվեց ՄԱԿ-ի այլ կազմակերպությունների՝  մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) և ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակների (ՄԱԿ ՄԳՀԳ) հետ սերտ համագործակցությամբ: Հարավային Կովկասում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի տեղակալ Հայ Շելոուն հանդես եկավ տեղահանված անձանց տվյալների կառավարման մասին զեկույցով, ինչպես նաև ներկայացրեց բնակչության տվայլների կառավարման ռազմավարության հիմնական սկզբունքները: ՄԱԿ ՓԳՀ-ն ներկայացրեց նաև 2016թ. ապրիլյան իրադարձություններից, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բնակչության տեղահանումից քաղած դասերը: Հայաստանում, Վրաստանում և Թուրքմենստանում ՄԱԿ ՄԳՀԳ աղետների արձագանքման հարցերով խորհրդատու Աշոտ Սարգսյանն իր զեկույցում արծարծեց մարդասիրության և զարգացման տվյալների տարբերության վերացման հարցը և ներկայացրեց ինչպես վերացնել տվյալների փոխանակման խոչընդոտները շահագրգիռ կողմերի միջև (հաղորդակցություն, տեղեկատվության համատեղ օգտագործում, ով/ինչ/որտեղ, համակարգում, կլաստերային մոտեցում և այլն):

Աշխատաժողովը վարում էր ՄՄԿ կենտրոնական գրասենյակի, Գործողությունների և արտակարգ իրավիճակների վարչության աշխատակից Ջոն Չադուկան: Ջոն Չադուկան ՄՄԿ տեղահանման հետագծման մատրիցայի աջակցման թիմի անդամ է: