EN | AM

ՄՄԿ-ն դառնում է ՄԱԿ-ի հարակից կազմակերպություն

Նյու-Յորք - Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անդամ պետություններն այսօր Ընդհանուր վեհաժողովում միաձայն ընդունել են բանաձև՝ հաստատելով  Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ՄԱԿ-ի հարակից կազմակերպություն դառնալու համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդգծում է ՄՄԿ-ի և ՄԱԿ-ի միջև ավելի սերտ հարաբերություններն՝ ամրապնդելու համագործակցությունը և ընդլայնելու իրենց կարողությունը՝ ի շահ միգրանտների և անդամ պետությունների իրենց մանդատներն իրականացնելու համար: Համաձայնագրի միջոցով ՄԱԿ-ը ճանաչում է ՄՄԿ-ի պարտադիր դերակատարումը մարդկային տեղաշարժի ոլորտում: Սա ներառում է միգրանտների և տեղահանվածների պաշտպանությունը տուժած համայնքներում, փախստականների վերաբնակեցումն ու կամավոր վերադարձը, ինչպես նաև միգրացիայի ներառումը պետությունների զարգացման ծրագրերում:

Սա ճանապարհ է հարթում համաձայնագրի համար, որը պետք է ստորագրվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի և ՄՄԿ գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգի կողմից 2016 թվականի  սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Փախստականների և միգրանտների գագաթաժողովի ժամանակ: Գագաթնաժողովը կհամախմբի ՄԱԿ-ի անդամ պետություններին՝  փախստականների և միգրանտների մեծածավալ տեղաշարժերին ավելի մարդասեր և համակարգված մոտեցում ցուցաբերելու համար: Գագաթնաժողովը տեղի է ունենալու այնպիսի ժամանակահատվածում, երբ գլոբալ պատկերացումները միգրանտների վերաբերյալ առավել բացասական են դարձել և գնալով շատանում է տեղեկացված  այլատյացությունը: Այն կկենտրոնացնի աշխարհի ուշադրությունը համաշխարհային միգրացիայի մարտահրավերի վրա որպես իրողության, որը պետք է կառավարել, այլ ոչ թե որպես խնդրի, որը պետք է լուծել»:

 «Այս Համաձայնագիրը հաստատելու մասին Ընդհանուր վեհաժողովի որոշումը ցույց է տալիս ՄՄԿ-ի և ՄԱԿ-ի միջև հարաբերությունների աճող ուժը», - ասաց գլխավոր տնօրեն պրն. Սվինգը: «ՄՄԿ-ն սերտորեն աշխատել է ՄԱԿ-ի հետ մեր հիմնադրման օրվանից ինչպես գործառնական, այնպես էլ՝ քաղաքականության մակարդակներում: ՄՄԿ Անդամ պետությունները ՄՄԿ-ին ընդունում են որպես միգրացիայի ոլորտի համաշխարհային առաջատար գործակալություն: Եվ հիմա, դառնալով ՄԱԿ-ի ընտանիքի մի մասը, ՄՄԿ-ն կստանա կենսականորեն կարևոր ձայն՝ ՄԱԿ-ի սեղանի շուրջ պաշտպանելու միգրանտներին և նրանց իրավունքներն ամբողջ աշխարհում»:

«Մենք ապրում ենք անկայուն և ողբերգություններով լի ժամանակում: Սույն համաձայնագիրը ցույց է տալիս, որ Անդամ պետությունները կողմնակից են ավելի մարդկային ու կանոնավոր միգրացիայի ի շահ բոլորի, որտեղ մենք թվերի ետևում տեսնում ենք մարդկային էակներ: Սա պատմական օր է ոչ միայն ՄՄԿ-ի և ՄԱԿ-ի, այլև ողջ աշխարհի միգրանտների և նրանց ընտանիքների համար: Ես անհամբեր սպասում եմ սեպտեմբերի 19-ին, երբ գլխավոր քարտուղար Բան Կի-մունը և ես պիտի ստորագրենք այս համաձայնագիրը»:

ՄՄԿ-ն, որն աջակցել է մոտ 20 միլիոն միգրանտների 2015 թվականի ընթացքում, միջկառավարական կազմակերպություն է ավելի քան 9,500 աշխատակիցներով և 450 գրասենյակներով ամբողջ աշխարհում: Հիմնադրված լինելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայից փախստականներին վերաբնակեցնելու նպատակով, ՄՄԿ-ն  այս տարվա դեկտեմբերին նշում է իր 65 ամյակը: