EN | AM

Հանցավորության և զարգացման փոխկախվածությունը

ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսը հանցավորության վերաբերյալ

Դիտարկելով հանցավորության և կայուն զարգացման փոխկախվածությունը

Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսը, որը տեղի է ունենալու2015 թ. ապրիլի 12-ից 19-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում, համախմբում է կառավարություններին, քաղաքականություն մշակողներին և փորձագետներին՝ կիսելու իրենց փորձը և ակտիվացնելու միջազգային համագործակցությունն անդրազգային կազմակերպված հանցավորության վտանգի դեմ պայքարի հարցում: Դոհայի կոնգրեսը նշանավորելու է հանցավորության հարցերով կոնգրեսների 60 տարին (կոնգրեսները տեղի են ունեցել 1955 թ.-ից՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ):

Մինչ միջազգային հանրությունը շարունակում է քննարկել «Հետ-2015» կայուն զարգացման օրակարգը, ՄԱԿ-ի Հանցավորության հարցերով 13-րդ կոնգրեսի ուշադրության կիզակետում են լինելու անվտանգության, արդարադատության և իրավունքի գերակայության փոխկապվածության և աշխարհն ավելի լավը, ավելի արդարացի դարձնելու հարցերը:

13-րդ կոնգրեսի թեման է՝ «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հարցերի ինտեգրումը ՄԱԿ-ի ընդլայնված օրակարգում՝ հասարակական և տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, ազգային և միջազգային մակարդակներում իրավունքի գերակայությունը և հասարակության մասնակցությունը խթանելու նպատակով»:

Առանցքային ուղերձները

Հանցավորությանը նվիրված 13-րդ կոնգրեսի առանցքային գաղափարն այն է, որ չի կարող լինել կայուն զարգացում՝ առանց հանցավորության դեմ արդյունավետ պայքարի և իրավունքի գերակայության նկատմամբ հարգանքի:

  • Հանցավորությունը լուրջ սպառնալիք է կենսամիջոցների ապահովման և կայուն զարգացման համար (օրինակ՝ մարդկանց թրաֆիքինգը, վայրի բնության նկատմամբ հանցագործությունները, կոռուպցիան, միգրանտների անօրինական ներմուծումը):
  • Որպեսզի երկրները հաջողություն ունենան կայուն զարգացման հարցում, նրանք պետք է լրջորեն զբաղվեն հանցավորության խնդրով և ապահովեն քրեական արդարադատության արդյունավետ համակարգ ու հարգանք իրավունքի գերակայության նկատմամբ:
  • Հանցավորությունը հատում է սահմանները, ուստի դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն («Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» և «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիաները կարող են օգնել այս հարցում):

Ի՞նչ է քննարկվելու կոնգրեսի ընթացքում

Օրակարգում ընդգրկված են չորս բովանդակային կետեր, որոնք ներառում են հետևյալ հարցերը.

  • հաջողություններ ու մարտահրավերներ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության քաղաքականությունների ու ռազմավարությունների իրականացման հարցում` ուղղված ազգային ու միջազգային մակարդակներում իրավունքի գերակայության խթանմանը և կայուն զարգացման աջակցմանը.
  • միջազգային համագործակցություն, այդ թվում՝ տարածաշրջանային մակարդակում՝ ուղղված անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարին.
  • համակողմանի և հավասարակշռված մոտեցումներ՝ ուղղված անդրազգային հանցավորության նոր և ի հայտ եկող ձևերի կանխարգելմանն ու դրանց պատշաճ արձագանքմանը.
  • հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ամրապնդման հարցում հանրային մասնակցության վերաբերյալ ազգային մոտեցումները:

Կոնգրեսի շրջանակում տեղի կունենա նաև չորս աշխատաժողով հետևյալ հարցերի շուրջ.

  • ՄԱԿ-ի չափանիշների և նորմերի դերը հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հարցում.
  • մարդկանց թրաֆիքինգ և միգրանտների ապօրինի ներմուծում.
  • հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հարցում արձագանքների հզորացում հանցավորության նորահայտ այնպիսի ձևերի ասպարեզում, ինչպիսիք են կիբերհանցագործությունները և մշակութային սեփականության անօրինական շրջանառությունը.
  • հանրային մասնակցություն հանցավորության կանխարգելման հարցում և իրազեկվածության մակարդակի բարձրացում քրեական արդարադատության վերաբերյալ:

Առաջին երկու օրերի ընթացքում նախատեսված է Կոնգրեսի բարձր մակարդակի հատվածի անցկացում, երբ պետությունների կամ կառավարությունների ու նախարարությունների ղեկավարներն ու կառավարությունների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ կանդրադառնան օրակարգի հիմնական հարցերին: Տեղի կունենան նաև բազմաթիվ այլ հանդիպումներ՝ կազմակերպված հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք կվերաբերեն հանցավորության կանխարգելմանը, քրեական արդարադատությանը և իրավունքի գերակայությանը:

Մասնակիցները

Հանցավորության վերաբերյալ կոնգրեսը համաշխարհային համաժողով է, որի շրջանակում համախմբվում են հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտի քաղաքականություն մշակողներ և իրականացնողներ, ինչպես նաև գիտակրթական ոլորտի անհատ փորձագետներ, ոչ կառավարական և միջկառավարական կազմակերպությունների, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ի՞նչ արդյունք է ակնկալվում Կոնգրեսից

Կոնգրեսը կընդունի մեկ միասնական քաղաքական հռչակագիր, որը կպարունակի հանձնարարականներ և առաջարկություններ՝ հիմնված Կոնգրեսի տարբեր հատվածների (այդ թվում՝ բարձր մակարդակի հատվածի և աշխատաժողովների) ընթացքում տեղի ունեցած քննարկումների վրա: Հռչակագիրը պատշաճ դիտարկման և գործողություններ ձեռնարկելու նկատառումով կներկայացվի ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի հաջորդ նիստին, որը նախատեսված է անցկացնել 2015 թ. մայիսի 18-ից 22-ը: Կոնգրեսը կապահովի նաև կառավարությունների, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ավելի սերտ համագործակցության հարթակ՝ խթանելու հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտում միջազգային ավելի արդյունավետ գործողություններ:

Հաղորդակցության նյութեր

Սա քարոզարշավ է հանցավորության խնդրի շուրջ

2014 թ. դեկտեմբերից Հանցավորության հարցերով կոնգրեսի նախապատրաստման շրջանակներում կազմակերպվող մի շարք փոքրամասշտաբ քարոզարշավներ հանրության ուշադրությունը սևեռում են հանցավորության տարբեր կողմերին՝ ընդգծելով հանցավորության և կայուն զարգացման փոխկապվածությունը և անդրադառնալով հանցավորության անդրազգային բնույթին:

Դեկտեմբեր - Մարդկանց թրաֆիքինգ և միգրանտների ապօրինի ներմուծում

Հունվար - Թույլ կառավարում և կոռուպցիա

Փետրվար - Կիբերհանցավորություն

Մարտ - Վայրի բնության և անտառների դեմ հանցավորություն

Ապրիլ - Ինչպե՞ս է անդրազգային կազմակերպված հանցավորությունն արգելակում կայուն զարգացումը

Բոլոր փոքր քարոզարշավներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝
http://www.unis.unvienna.org/unis/en/events/2015/crime_congress.html

Հանցավորությունը և քրեական իրավունքը ՄԱԿ-ի առավել լայն օրակարգում ներառելու մասին Դոհայի հռչակագրի նախագիծը՝ սոցիալ-տնտեսական մարտահրավերները հաղթահարելու և ազգային ու միջազգային մակարդակներում օրենքի գերակայությունը և հանրային մասնակցությունը խթանելու համար: / ռուսերեն/

ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝

http://www.un.am/hy/news/248

Հանցավորության հարցերով կոնգրեսի կայքէջ ՝ 
http://www.un.org/en/events/crimecongress2015

Հանցավորության հարցերով կոնգրեսի ֆեյսբուքյան էջ՝
https://www.facebook.com/UNCrimeCongress2015

Հանցավորության հարցերով կոնգրեսի Թվիթերի հաշիվ՝ @crimecongress13

Հանցավորության հարցերով կոնգրեսի Instagram հաշիվ՝ @crimecongress


Հանցավորության հարցերով կոնգրեսի մասին հայերեն տեղեկություններ կարող եք գտնել նաև սոցիալական ցանցերի՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի էջերում.

https://www.facebook.com/UNArmenia
https://twitter.com/UNArmenia
https://www.youtube.com/user/UNinArmenia