EN | AM

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն


ԱՀԿ
Էգոր Զայցև, Ներկայացուցիչ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության
Ալեք Մանուկյան 9
Երևան 0070, Հայաստան
Հեռ.` (374 10) 51 20 04
Ֆաքս` (374 10) 51 20 13
Էլ-փոստ: whoarm@euro.who.int
URL:http://euro.who.int
http://www.un.am

Մանդատը

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թ.: Պետությունների ղեկավարների 1945 թ. հանդիպման օրակարգում էր նաև առողջապահության ոլորտի համաշխարհային կազմակերպություն ստեղծելու հարցը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանադրությունն ուժի մեջ մտավ 1948 թ. ապրիլի 7-ին, և այդ օրն ամեն տարի նշվում է որպես Առողջության համաշխարհային օր:

ՄԱԿ-ի համակարգում ԱՀԿ-ն հանդիսանում է առողջապահության ոլորտը ղեկավարող և համակարգող մասնագիտացված գործակալություն: Կազմակերպության պատասխանատվության ոլորտներն են՝ առողջապահության գլոբալ խնդիրներում ուղղորդում, առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների գերակայությունների սահմանում, ստանդարտների և նորմերի մշակում, քաղաքականության ապացուցողական տարբերակների կիրառում, երկրներին փորձագիտական օժանդակության ցուցաբերում, ինչպես նաև առողջության միտումների մոնիթորինգի ու գնահատման իրականացում:

Ըստ սահմանադրության` ԱՀԿ առաքելությունը բոլոր մարդկանց համար առողջության հնարավոր ամենաբարձր մակարդակի ապահովումն է: Առողջությունը դիտարկվում է իբրև «ֆիզիկական, հոգեկան և սոցիալական լիակատար բարեկեցության վիճակ, այլ ոչ թե միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն»:

ԱՀԿ կազմակերպական կառուցվածքի առանձնահատկություններից է գրասենյակների տարածաշրջանային բաշխումը: Ելնելով ԱՀԿ սահմանադրության պահանջներից` աշխարհագրական տարածաշրջաններին համապատասխան ձևավորվել են ԱՀԿ տարածաշրջանային վեց գրասենյակները: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի (ԱՀԿ ԵՎՐՈ, որը տեղակայված է Դանիայի Թագավորության Կոպենհագեն քաղաքում) նպատակն է 53 անդամ պետություններին օժանդակել տվյալ երկրի առողջապահական և հանրային առողջության քաղաքականությունների և ռազմավարությունների, առողջության պահպանման ծրագրերի մշակման և իրականացման հարցերում: Կազմակերպության հատուկ ուշադրության կենտրոնում են գլոբալ սպառնալիքների կանխման և հաղթահարման, ապագա վտանգների կանխատեսման և հանրային առողջության բարելավման հարցերը:

Կազմակերպությունը տարին մեկ անգամ հրավիրում է Առողջության համաշխարհային վեհաժողով, որին մասնակցում են կառավարությունների ղեկավարներ, դեսպաններ և նախարարներ՝ քննարկելու կազմակերպության հիմնական քաղաքականությունները և համաշխարհային առողջության անվտանգության և ապահովության խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային կոմիտեների նիստեր, որտեղ քննարկվում են առողջապահության տարածաշրջանային խնդիրները և ծրագրային գերակա ուղղությունները:

Պետությունների տնտեսական զարգացման և բարեկեցության հարցում առողջապահական համակարգերի կարևորությունն ընդգծելու, ինչպես նաև առողջապահական համակարգերի հզորացման հնարավորությունները քննարկելու նպատակով 2008 թ. հունիսին Էստոնիայի Տալլին քաղաքում կայացավ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 անդամ պետությունների առողջապահության նախարարների հանդիպումը:

Եվրոպայում առողջապահական համակարգերի հետագա զարգացումն ուղղորդելու նպատակով հանդիպման ժամանակ ստորագրվեց «Առողջապահական համակարգերն առողջության և բարեկեցության համար» տալլինյան խարտիան:

2012 թ. Նախարարների կոմիտեն հավանություն տվեց «Առողջություն 2020»  ռազմավարական փաստաթղթին, որը դարձավ 53 անդամ երկրների հանրային առողջության և առողջապահական համակարգերի զարգացման հիմնական ուղեցույցը:


ԱՀԿ-ն Հայաստանում

Հայաստանն ԱՀԿ անդամ է դարձել 1992 թ.: ԱՀԿ հայաստանյան գրասենյակը (ԱՀԿ ՀԳ) հիմնադրվել է 1994 թ.:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակը ԱՀԿ-ն ներկայացնում է երկրում, ՀՀ կառավարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցում է առողջական խնդիրների և կարիքների ուսումնասիրության, քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման և իրականացման, ծրագրերի պլանավորման, իրականացման ու գնահատման հարցում և համակարգում է ԱՀԿ եվրոպական ու կենտրոնական գրասենյակների համապատասխան բաժինների հետ համագործակցությունը:

ԱՀԿ հիմնական գործընկերը ՀՀ առողջապահության նախարարությունն է (ԱՆ): Ներկայիս ռազմավարությունները խրախուսում են նաև ակտիվ համագործակցություն այլ նախարարությունների, Ազգային ժողովի  և բնակչության առողջության  պահպանման հարցերում մասնակցություն ունեցող հաստատությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև կրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ:

Միջազգային հիմնական գործընկերներն են Համաշխարհային բանկը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Ատլանտայի հիվանդությունների վերահսկման կենտրոնը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, «Բժիշկներ առանց սահմանի», «Վորլդ Վիժն», «Օքսֆամ», «Գլոբալ հիմնադրամ», ԳԱՎԻ և այլ կազմակերպություններ: 


ԱՀԿ և ՀՀ ԱՆ համագործակցության հիմնական ուղղությունները

Համագործակցության գերակայություններն ընտրվել են` հաշվի առնելով հանրային առողջապահության ոլորտի ներկայիս հիմնահարցերը և Հայաստանի բնակչության առողջության բարելավմանն ուղղված ընթացիկ ազգային միջոցառումները: Դրանք են.

  • նպաստել մոր և մանկան առողջության պահպանման շարունակական բարելավմանը և մահացության ցուցանիշի կրճատմանը. 
  • աջակցել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և հսկելու, ինչպես նաև շրջակա միջավայրի առողջապահական ռիսկի գործոնների ազդեցությունը կրճատելուն ուղղված միասնական հսկողական համակարգի և հանրային առողջապահության ընդհանուր համակարգի ստեղծմանը.
  • նպաստել Հայաստանի բնակչության իրական կարիքներին և արտակարգ իրավիճակներին արձագանքող արդյունավետ առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը.
  • աջակցել դեղերի ռացիոնալ օգտագործման համակարգի ստեղծման (հիմնական դեղերի ցանկի օգտագործման խթանում, դեղագործական հանձնաժողովների իրավակիրարկում, միասնական ուղեցույցների և սխեմաների ներմուծում, կողմնակի ազդեցությունների մշտադիտարկում, հավաստի տեղեկությունների տրամադրում), որակի ապահովման և հսկողության (այդ թվում՝ կեղծված դեղերի դեմ հսկողական միջոցառումներ) ու դեղերի մատակարարման մեխանիզմների բարելավմանը.
  • աջակցել առողջապահության բնագավառի ֆինանսավորման կենսունակ և արդյունավետ համակարգի ձևավորմանը և նպաստել ոչ պաշտոնական վճարների ծավալի և այլ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը. 
  • աջակցել առողջության առաջնային պահպանման համակարգի` որպես բնակչության առավել մատչելի բժշկական սպասարկման օղակի զարգացմանը.
  • նպաստել առողջապահության ոլորտում քաղաքականության մշակման հարցում պետության (ՀՀ ԱՆ) ուղղորդող և կարգավորող դերի, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության խթանման հարցում ԱՆ առաջնորդող դերի ամրապնդմանը:

Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում