EN | AM

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ


ՄԱԲՀ
Գարիկ Հայրապետյան` գործադիր ներկայացուցիչ

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 54 34 16,
(374 91) 54 34 17
Ֆաքս` (374 10) 54 38 11
Էլ-փոստ: manukyan@unfpa.org
URL:  http://www.unfpa.am
      http://www.un.am

 

Մանդատը

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) ՄԱԿ-ի առաջատար գործակալությունն է այնպիսի աշխարհի կառուցման գործում, որտեղ յուրաքանչյուր հղիություն ցանկալի է, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ, և յուրաքանչյուր երիտասարդ մարդու ներուժ՝ իրացված:

ՄԱԲՀ-ն իր աշխատանքները մեկնարկել է 1969 թ․ և այսօր գործում է մոտ 150 երկրում, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 80 տոկոսը: ՄԱԲՀ-ի գործելու օրվանից ի վեր աշխարհում կիսով չափ նվազել է հղիության և ծննդաբերական բարդություններից մահացող կանանց թիվը (ինչպես և ցուցանիշը): Ընտանիքներն ավելի առողջ են, քան նախկինում, իսկ երիտասարդները երբևէ այսքան կապեր և հնարավորություններ չեն ունեցել:  

Այդուհանդերձ, չափազանց մեծ թվով մարդիկ դեռևս անտեսված են։ Աշխարհում գրեթե մեկ միլիարդ մարդ շարունակում է թաղված մնալ ծայրահեղ աղքատության մեջ: Զարգացող աշխարհում վերարտադրողական առողջության խնդիրները շարունակում են մնալ կանանց մահվան և հաշմանդամության առաջնային պատճառը: Երիտասարդներն առավել շատ են ենթակա ՄԻԱՎ-ով վարակվելու և անցանկալի հղիության վտանգին: Ավելի քան հարյուր միլիոն աղջիկ բախվում է մանկահասակ ամուսնության և այլ այնպիսի վնասակար գործելակերպերի սպառնալիքին, ինչպիսին կանացի սեռական օրգանների խեղումն է:

Առաջնորդվելով 1994 թ․ Բնակչության և զարգացման միջազգային համաժողովում ընդունված Գործողությունների ծրագրով և Հազարամյակի զարգացման նպատակներով՝ իր առաքելությունն իրականացնելու համար ՄԱԲՀ-ն համագործակցում է կառավարությունների, քաղաքացիական հասարակության և այլ կազմակերպությունների հետ:  

ՄԱԲՀ-ն ապագայի մարտրահրավերները կանխատեսում և դրանց արձագանքում է այսօր։ ՄԱԲՀ-ն օգնում է երկրներին՝ բնակչության վերաբերյալ տվյալներն օգտագործել բնակչության կարիքները գնահատելու և կանխատեսելու, ինչպես նաև հանձնառությունների իրականացման հարցում առաջընթացն ու բացթողումները գնահատելու նպատակով, իսկ գործընկերներին և համագործակից կազմակերպություններին ուղղություն է տալիս, վերապատրաստում և աջակցում: ՄԱԲՀ-ն օգնում է նաև ապահովել, որ կանանց և երիտասարդների վերարտադրողական առողջությունը և իրավունքները գտնվեն զարգացմանն ուղղված քաղաքականությունների կիզակետում:

ՄԱԲՀ-ն Հայաստանում

ՄԱԲՀ-ն Հայաստանում իր աշխատանքներն սկսել է 1999 թ.` աջակցությունը կենտրոնացնելով հետևյալ երեք ոլորտներում. վերարտադրողական առողջություն և իրավունքներ, բնակչության և զարգացման ռազմավարություններ ու գենդերային հավասարություն: ՄԱԲՀ-ն հատկապես մեծ տեղ է հատկացնում երիտասարդների վերարտադրողական առողջության խնդիրներին՝ այդ ուղղությամբ աշխատելով Հայաստանի երիտասարդ հավասարակից ուսուցանողների (Y-PEER) ցանցի միջոցով: ՄԱԲՀ-ի հիմնական գործընկերներն են ՀՀ նախարարությունները, Ազգային ժողովը, Ազգային վիճակագրական ծառայությունը, բժշկական և կրթական հաստատությունները, քաղաքացիական հասարակության (այդ թվում՝ մշակութային և երիտասարդական)  կազմակերպությունները և դոնոր համայնքը, ներառյալ՝ ՄԱԿ-ի այլ գործակալությունները, ԱՄՆ ՄԶԳ-ն, ԵԱՀԿ-ն, Բրիտանական խորհուրդը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը և այլն:

Հայաստանում ՄԱԲՀ-ի հիմնական ձեռքբերումները ներառում են.

  • Հայաստանում հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրի վերհանում և այն հաղթահարելու լայնածավալ արշավի նախաձեռնում.
  • երկրում «Շրջիկ գինեկոլոգիական ծառայության» և «Շտապ մանկաբարձական օգնության համակարգի» ստեղծում դժվար հասանելի և աղքատ շրջանների համար, ինչը նպաստել է մայրական մահացության ցուցանիշի կրճատմանը` 100.000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող 43.2-ից (1999 - 2001) մինչև 17.3 (2010 - 2013).
  • բժշկական խորհրդատվություն և անվճար ժամանակակից հակաբեղմնավորիչներ տրամադրող՝ ընտանիքի պլանավորման 75 կետերի ստեղծում, ինչը նպաստեց բեղմնականխման ժամանակակից միջոցների գործածման ցուցանիշի աճին՝ 1%-ից (1994 թ.) մինչև 27% (2010 թ.), և հղիության արհեստական ընդհատման ցուցանիշի նվազմանը՝ 15-ից 44 տարեկան 1000 կնոջ հաշվով 81-ից (2000 թ.) մինչև 28 (2010 թ.).
  • ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և համապատասխան գործողությունների ծրագրի (2009 - 2035 թթ.) ընդունում.
  • 2010 թ. փորձնական մարդահամարի և 2011 թ. հիմնական մարդահամարի անցկացում և, արդյունքում, տնային տնտեսությունների հասցեների տվյալների բազայի ստեղծում․
  • ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության ու գործողությունների ծրագրի ընդունում և վավերացում․
  • վերարտադրողական առողջության և գենդերային հարցերի ներառում զինված ուժերի վերապատրաստման պարտադիր ծրագրում.
  • ՀՀ գենդերային քաղաքականության 2011 - 2015 թթ. ռազմավարական ծրագրի և ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի ընդունում և իրականացում:

Մինչև 2015 թ նախատեսվող արդյունքներ

1. Վերարտադրողական առողջության և իրավունքների ոլորտում.

  • ընդունված քաղաքականություններ և օրենսդրություն՝ ուղղված խոցելի խմբերի համար վերարտադրողական առողջության բարձրորակ ծառայությունների և պարագաների հասանելիության մեծացմանը.
  • բուժծառայություններ մատուցողների հզորացված կարողություններ՝ մատուցելու սեռական և վերարտադրողական առողջության ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բարձրորակ ծառայություններ.
  • կանանց, երիտասարդության և դեռահասների շրջանում վերարտադրողական առողջության  և ընտանիքի պլանավորման ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության և դրանց պահանջարկի բարձրացած մակարդակ: 

2. Բնակչության և զարգացման ոլորտում.

  • սեռատարիքային տարբերակմամբ սոցիալ-տնտեսական տվյալների հավաքագրման, վերլուծության և կառավարման հզորացված ազգային կարողություններ
  • պետական կառույցների՝ սոցիալական քաղաքականություններ և ծրագրեր մշակելու և իրականացնելու ամրապնդված կարողություններ:

3. Գենդերային հավասարության ոլորտում.

  • ազգային և տեղական մակարդակներում կառույցների՝ գենդերային հավասարության հաստատման, կանանց հնարավորությունների և իրավասությունների ընդլայնման, ինչպես նաև գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի հզորացված կարողություններ.
  • գենդերային հարցերի, գենդերային հիմքով բռնության, սեռական և վերարտադրողական իրավունքների մասին բնակչության իրազեկվածության բարձրացած մակարդակ և գիտելիքի ընդլայնված ծավալ:

Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում