EN | AM

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիր


ՄԱՁԻԱՀ
Լենա Նանուշյան, ծրագրերի ղեկավար

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի
համատեղ ծրագիր

ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 52 13 41
Էլ. փոստ` nanushyanl@unaids.org
URL:  http://www.unaids.org
  http://www.un.am

   

Մանդատը

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիրը (ՄԱՁԻԱՀ) առաջնորդում և ոգեշնչում է աշխարհին՝ հասնելու միասնական տեսլականին, այն է՝ զրո խտրականություն, ՄԻԱվ-ով վարակման զրո նոր դեպք, զրո մահ ՁԻԱՀ-ից: ՄԱՁԻԱՀ-ը միավորում է ՄԱԿ-ի տասնմեկ կազմակերպությունների ջանքերը՝ ՄԱԿ ՓԳՀ, ՄԱՄՀ, ՊՀԾ, ՄԱԶԾ, ՄԱԲՀ, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ (ԹՀՊԳ), ԱՄԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՀԿ, ՄԱԿ Կանայք և Համաշխարհային բանկ, ու աշխատում է  միջազգային և ազգային գործընկերների հետ՝ ՁԻԱՀ-ի հակազդումը ուժեղացնելու նպատակով:

ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ընդունված մի շարք նպատակների, բանաձևերի և հռչակագրերի միջոցով, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին քաղաքական հռչակագիրը (2006 թ.), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանձնառության մասին հռչակագիրը (2001 թ.), Հազարամյակի զարգացման նպատակները (2000 թ.), ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1308 բանաձևը (2000 թ.), աշխարհը հաստատել է համալիր հանձնառություններ և գործողություններ` կասեցնելու և հակադարձելու ՄԻԱՎ-ի տարածումը և ընդլայնելու ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծառայությունների համընդհանուր հասանելիությունը:

ՄԱՁԻԱՀ-ի 2011-2015 թթ. ռազմավարությունը

ՄԱՁԻԱՀ-ի ռազմավարությունն ուղղված է ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, խնամքի եւ աջակցության համընդհանուր հասանելիության՝ երկրի կողմից սահմանված թիրախների գլոբալ առաջընթացի ապահովմանը և ՄԻԱՎ-ի տարածման կասեցմանն ու հակազդմանը և մինչև 2015 թ. Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը նպաստելուն:  Ռազմավարությունը, որը 2010 թ. դեկտեմբերին ընդունվել է Ծրագրի համակարգող խորհրդի կողմից, աշխատում է համաշխարհային նոր միջավայրում ՄԻԱՎ-ին հակազդման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ: ՁԻԱՀ-ին հակազդումը երկարաժամկետ ներդրում է, և ռազմավարությունը նպատակ ունի արմատապես փոխել ՄԻԱՎ կանխարգելումը, հարուցել բուժման, խնամքի և աջակցության հաջորդ փուլը և առաջ մղել մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը:

ՄԱՁԻԱՀ-ի ռազմավարության 2015 թ. նպատակներն են.

  • սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման կիսով չափ կրճատում, այդ թվում՝ երիտասարդների, տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց և կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանանց շրջանում.
  • ՄԻԱՎ-ի ուղղահայաց փոխանցման վերացում և ՁԻԱՀ-ով պայմանավորված մայրական մահացության կրճատում կիսով չափ.
  • թմրանյութեր օգտագործող անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի բոլոր նոր դեպքերի կանխարգելում.
  • հակառետրովիրուսային բուժման ցուցում ունեցող անձանց շրջանում բուժման համապարփակ հասանելիության ապահովում.
  • ՄԻԱՎ-ով ապրող անձանց շրջանում տուբերկուլոզից մահերի կիսով չափ կրճատում.
  • ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՄԻԱՎ-ի ազդեցությունից տուժած տնային տնտեսությունների խնդիրների արտացոլում սոցիալական պաշտպանության ազգային բոլոր ռազմավարություններում և նրանց համար խնամքի ու աջակցության ծառայությունների հասանելիության ապահովում.  
  • այն երկրների թվի կիսով չափ կրճատում, որոնք ունեն ՄԻԱՎ-ի փոխանցման, սեռական աշխատանքի, թմրամոլության կամ միասեռականության համար պատժիչ օրենքներ և դրանց գործնական կիրառում.
  • այն երկրների թվի կիսով չափ կրճատում, որոնցում գործում են մուտքի, կեցության և բնակության՝ ՄԻԱՎ-ին առնչվող սահմանափակումներ.
  • կանանց եւ աղջիկների՝ ՄԻԱՎ-ին առնչվող  հատուկ կարիքների արտացոլում ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրերի առնվազն 50 տոկոսում.
  • զրո հանդուրժողականություն գենդերային բռնության նկատմամբ։

ՄԱՁԻԱՀ-ը  Հայաստանում

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աջակցության խմբի ու Հայաստանում ծրագրերի ղեկավարի միջոցով ՄԱՁԻԱՀ-ը տրամադրում է փորձագիտական օժանդակություն և խորհրդատվություն քաղաքականության մշակման հարցում` Հայաստանում խթանելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին բազմաոլորտային, համակողմանի և ներառական հակազդում: Սերտորեն գործակցելով ազգային կառույցների, քաղաքացիական հասարակության և այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ ծրագիրն աջակցում է Հայաստանին` ապահովելու ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիություն և հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին:

ՄԱՁԻԱՀ-ի գործունեությունը նպատակ ունի օգնել Հայաստանին` հասնել միջոցների առավելագույն արդյունավետ և արտադրողական օգտագործման, ապահովել արագ գործողություններ և արդյունքներից բխող կառավարում, ինչպես նաև ուժեղացնել հակազդման հարցում պետության հանձնառությունը: ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի հարցերով թեմատիկ խումբը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին համակարգված հակազդումը ծրագրելու, կառավարելու և դիտարկելու ՄԱԿ-ի համակարգի հարթակներից մեկն է:

Հայաստանում ՄԱՁԻԱՀ-ի ծրագրի համակարգողը նաև համակարգում է Ռուսաստանի  Դաշնության կառավարության կողմից  ֆինանսավորվող Տարածաշրջանային համագործակցության ծրագրի (2013-2015 թթ.) իրականացումը Հայաստանում: Ծրագիրը նպատակ ունի հզորացնել ՄԻԱՎ-ին  հակազդումը և կասեցնել այլ վարակիչ հիվանդությունների տարածումը ԱՊՀ անդամ չորս երկրներում՝ Հայաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում:

Ծրագրի խնդիրներից է առողջապահական համակարգի հզորացումը՝ ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողությունը նշված չորս երկրներում բարելավելու համար, ինչպես նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի շրջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:  Ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում գրանցվել են նշանակալի արդյունքներ համաճարակաբանական հսկողության բարելավման, կանանց և երեխաներին ծարայությունների տրամադրման, խոցելի խմբերի շրջանում կանխարգելիչ միջոցառումների ապահովման ոլորտներում:


Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում