EN | AM

Միգրացիայի միջազգային կազմակերպություն


ՄՄԿ
Իլոնա Տեր-Մինասյան, գրասենյակի ղեկավար

Միգրացիայի միջազգային կազմակերպության
Հայաստանի առաքելություն

ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 58 56 92, 58 37 86
Ֆաքս` (374 10) 54 33 65
Էլ.փոստ` IOMArmenia@iom.int
URL:  http://www.iom.int
www.un.am
 

Մանդատը

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) միգրացիայի ոլորտում առաջատար կազմակերպություն է: ՄՄԿ-ին անդամակցում են 156 պետություններ, ևս 10-ն ունեն դիտորդի կարգավիճակ: ՄՄԿ-ն նպաստում է միգրացիայի կանոնավոր և մարդասիրական կառավարում ապահովելուն, խթանում է միջազգային համագործակցությունը միգրացիոն հարցերում, աջակցում միգրացիայի հիմնախնդիրներին գործնական լուծումներ գտնելու գործում և մարդասիրական օգնություն տրամադրում կարիքավոր միգրանտներին, ներառյալ` փախստականները և ներքին տեղահանված անձինք: ՄՄԿ Սահմանադրությունը ճանաչում է միգրացիայի կապը տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման հետ, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքը: ՄՄԿ-ն աշխատում է միգրացիայի կառավարման չորս լայն ոլորտներում՝ (i) միգրացիա և զարգացում, (ii) միգրացիայի խթանում, (iii) միգրացիայի կարգավորում և (iv) հարկադիր միգրացիա: ՄՄԿ-ի՝ այս ուղղություններով իրականացվող գործունեությունը ներառում է տրամախաչվող ոլորտներ. միջազգային միգրացիոն իրավունքի խթանում, քաղաքականության հարցերի շուրջ քննարկումներ և ուղղորդում, միգրանտների իրավունքների պաշտպանություն, միգրանտների առողջապահություն և միգրացիային առչնվող գենդերային հարցեր:

Որպես միգրացիայի ոլորտում առաջատար միջազգային կազմակերպություն՝ ՄՄԿ-ն միջազգային հանրության իր գործընկերների հետ աշխատում է միգրացիայի կառավարման աճող գործառնական մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու, միգրացիոն խնդիրների ընկալման առաջխաղացման, միգրացիայի միջոցով սոցիալական և տնտեսական զարգացման խրախուսման, միգրանտների մարդկային արժանապատվության ու բարեկեցության ուղղություներով:

ՄՄԿ-ն Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) ՄՄԿ-ին անդամակցում է 1993 թվականից: Երկրում ՄՄԿ գործունեության համար հիմք են հանդիսանում ՀՀ կառավարության ստորագրած մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ համագործակցության պայմանագիրը» (1994 թ.) և «Փոխըմբռնման հուշագիրը» (2001 թ.): Որպես միջկառավարական կազմակերպություն՝ ՄՄԿ-ի հայաստանյան առաքելությունը սերտորեն համագործակցում է ՀՀ Կառավարության հետ և իրականացնում ՀՀ Կառավարության, այդ թվում՝ տարբեր նախարարությունների ու պետական գերատեսչությունների կողմից գերակա ճանաչված ծրագրեր: ՄՄԿ-ն Երևանում իր ներկայացուցչությունը հիմնադրել է 1993 թ.:

ՄՄԿ-ն Հայաստանում ավելի քան քսան տարվա գործունեության ընթացքում կարևոր դեր է խաղացել երկրում միգրացիայի կառավարման բարեփոխումների գործում՝ ծավալուն կարողությունների զարգացման, քաղաքականության խորհրդատվության և ձևավորման, հետազոտությունների, տեխնիկական աջակցության, հանրային իրազեկման, ինչպես նաև տարբեր կատեգորիաների միգրանտներին ուղղակի աջակցություն ցուցաբերելու միջոցով:

Տեղեկատվական արշավների, գիշերօթիկ դպրոցներում աշակերտների մասնագիտական ուսուցման, սահմանապահների կարողությունների զարգացման և առողջապահական խնդիրներ ունեցող շարժունակ բնակչության իրազեկման միջոցով ՄՄԿ-ի գործունեությունը խրախուսում է անվտանգ միգրացիայի հայեցակարգը:

ՄՄԿ-ի ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավոր է դարձել երկկողմ աշխատանքային համաձայնագրերի ստորագրումը Հայաստանի և նպատակակետ երկրների (այդ թվում նաև Եվրոպայի) միջև՝ հայ աշխատողների շրջանառու միգրացիայի համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով: Դրան զուգահեռ խթանվում է ազգային օրենսդրությունը ԵՄ միգրացիոն օրենսդրությանը համապատասխանեցնելուն ուղղված քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև զորացվում են վերադարձող հայաստանցիների վերաինտեգրման համար պատասխանատու հայկական կառույցների կարողությունները: Միևնույն ժամանակ, իրականացվում է ազգային կարողությունների զորացում միգրացիոն տվյալների հավաքագրման, վերլուծության և այդ տվյալների հիման վրա միգրացիոն քաղաքականության մշակման ոլորտում՝ բարձրացնելով միգրացիայի կառավարման արդյունավետությունը և նպաստելով անհատական տվյալների պաշտպանությանը:

Միգրացիոն քաղաքականություն և հետազոտություններ

Միգրացիոն քաղաքականության ոլորտում ՄՄԿ-ի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է նպաստել միգրացիոն գործընթացներում ներգրավված կողմերի միջև ընդլայնված երկխոսությանը՝ երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Համաշխարհային մակարդակով ՄՄԿ-ն կազմակերպում է «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսությունը» (ՄՄԵ) և ակտիվորեն աջակցում ու մասնակցում միգրացիայի շուրջ տարածաշրջանային խորհրդատվական գործընթացներին: ՄՄԿ-ն ակտիվ դեր է խաղացել 2013 թ. ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի «Բարձր մակարդակով միգրացիայի և զարգացման հարցերին նվիրված երկխոսության» (ԲՄԵ) կազմակերպման գործում: ՄՄԿ-ն շարունակում է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ ազգային մակարդակով ներգծելու միգրացիան 2015 թ. հետո զարգացման օրակարգում և կենսագործելու ԲՄԵ–ի որոշումները:

2001-2008 թթ. ՄՄԿ-ն աջակցել է Հարավային Կովկասի ծագման ու տարանցիկ պետությունների և ընդունող ԵՄ անդամ պետությունների միջև միգրացիայի կառավարման թեմայով միջտարածաշրջանային երկխոսությանը («Խմբային» գործընթաց), որի ուշադրության առանցքում կանոնավոր միգրացիայի խթանման, անկանոն միգրացիայի դեպքերի կրճատման և երկկողմ ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագրերի բանակցման հարցերն էին: 2011-2013 թթ. ՄՄԿ-ն դյուրացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև միգրացիայի շուրջ քաղաքականության սեմինարների կազմակերպումը՝ խորացնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսությունը Հայաստան-ԵՄ «Շարժունակության շուրջ գործընկերության», «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» և «Հայաստան և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին» համաձայնագրերի շրջանակներում:

ՄՄԿ-ն միգրացիայի կառավարման տարբեր հիմնահարցերի շուրջ խորհրդատվություն է տրամադրում միգրացիայի ոլորտի մասնագետներին և քաղաքականություն մշակողներին ՀՀ Կառավարությունից, միջկառավարական և հասարակական կազմակերպություններից, մասնավոր փորձագետներին և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ըստ վերջիններիս խնդրանքի: ՄՄԿ-ն նաև աջակցում է իր գործընկեր կազմակերպությունների ջանքերին՝ զարգացնելու միգրացիոն հարցերի շուրջ վերջիններիս մոտեցումները:

ՄՄԿ-ն օժանդակում է միգրացիայի կառավարման բարեփոխումներին, օրինակ՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգի և կենսաչափական կողմնորոշիչներով նույնականացման քարտերի ներդրմանը: ՄՄԿ-ն առաջարկություններ է ներկայացնում քաղաքականության տարբեր փաստաթղթերի և օրինագծերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ ինքնության և կենսաչափական կողմնորոշիչներով ճամփորդական փաստաթղթերի ներդրման մասին օրենսդրությունը, զբաղվածության ռազմավարությունն ու օրենքը, և այլն: ՄՄԿ-ն նաև իրականացրել է կարողությունների թեմատիկ ուղղվածությամբ գնահատումներ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են աշխատանքային միգրացիան, սահմանների կառավարումը, կենսաչափական կողմնորոշիչներով փաստաթղթերը, օդանավակայանի անվտանգությունը, միգրացիոն տվյալները և միգրանտների իրավունքները: 2008 թ. «ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտի ուսումնասիրություն» գնահատման առաքելության զեկույցն սկիզբ դրեց Հայաստանում միգրացիոն բարեփոխումների ալիքի. ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ քննարկելու զեկույցի առաջարկություններն ու մեկնաբանությունները, ինչի արդյունքում Միգրացիոն գործակալության կարգավիճակը բարձրացվեց, և ներկայիս Պետական միգրացիոն ծառայությունն օժտված է միգրացիոն քաղաքականության մշակման գործառույթով: 2011 թ. «ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտում զարգացումների ակնարկ» առաջընթացի գնահատման զեկույցում շեշտը դրվեց միգրացիայի կառավարման մանդատ ունեցող մարմինների գործունեության համակարգման վրա:

Միգրացիոն տվյալներ

2010 թ. «Միգրացիոն տվյալների հավաքագրման, մշակման և փոխանակման կատարելագործումը ՀՀ-ում. կարիքների գնահատում և առկա բացերի վերլուծություն» զեկույցում առաջարկվել է միգրացիոն վիճակագրության հավաքման, փոխանակման և վերլուծության համակարգված ճանապարհ՝ համաձայն միջազգային և տարածաշրջանային չափանիշների: Որպես շարունակություն, ՄՄԿ-ն աջակցել է միգրացիոն տվյալների հավաքման, փոխանակման և վերլուծության մեթոդաբանության մշակմանը, որը քննարկվել է Հայաստանում շահագրգիռ կազմակերպությունների հետ: ՄՄԿ-ն հովանավորել է միգրացիայի վերաբերյալ տնային տնտեսությունների համապետական համապարփակ հետազոտության անցկացումը: Այն ներառում է 7890 տնային տնտեսություններ և հանդիսանում է միգրացիայի թեմայով առաջին լայնածավալ և ներկայացուցչական հետազոտությունը երկրում: Հետազոտությունն արտացոլում է ոչ միայն ներքին և արտաքին տեղաշարժերը, ներգաղթի, արտագաղթի և վերադարձի ծավալները, այլև միգրանտների խնայողություններն ու դրամական փոխանցումները և միգրացիայի ազդեցությունը բնակչության ու տնային տնտեսությունների զարգացման վրա:

Միգրացիայի միջազգային իրավունք և միգրանտների իրավունքներ

ՄՄԿ-ն խթանում է միգրացիայի միջազգային իրավունքի (ՄՄԻ) և միգրացիայի կառավարման միջազգային իրավական դաշտի մասին իրազեկությունը և գիտելիքների տարածումը: ՄՄԻ-ն ընդգրկում է մի շարք սկզբունքներ և կանոններ, որոնք միասին կարգավորում են պետությունների միջազգային պարտավորությունները՝ կապված միգրանտների հետ: 2009 թ. ՄՄԿ-ն աջակցեց «Միգրացիա և մարդկային զարգացում. հնարավորություններ և մարտահրավերներ» մարդկային զարգացման ազգային զեկույցի մշակմանը: Իսկ 2010 թ. հրատարակվեց «Միգրացիայի կառավարում և մարդու իրավունքներ» ուսումնասիրությունը:

ՄՄԿ-ն մեծ ներդրում է ունեցել Հայաստանի՝ «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիային» անդամակցելու գործում: Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2013 թ. սեպտեմբերի 26-ին:

ՄՄԿ-ն հրատարակել է «Միգրացիայի ոլորտի տերմիների բառարանի» հայերեն խմբագրությունը՝ դրանով իսկ ապահովելով ընդհանուր մոտեցում միգրացիայի կառավարմանը՝ ընդունված տերմինների և սահմանումների միջոցով:

«ՄՄԿ տվյալների պաշտպանության ձեռնարկի» հայերեն տարբերակը պատրաստվել է՝ արտացոլելու ՄՄԿ տվյալների պաշտպանության սկզբունքները, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին:

2013 թ. ՄՄԿ-ն իրականացրել է «ԵՄ չափանիշների հետ համեմատությամբ միգրացիայի վերաբերյալ Հայաստանի օրենսդրության և դրա գործնական կիրառության վերլուծությունը»: Վերջինս օգտագործվել է «Հայաստանի միգրացիոն օրենսդրության ներդաշնակեցումը միջազգային չափանիշներին» գործողությունների ազգային ծրագրի մշակման համար՝ հաշվի առնելով նաև ԵՄ կողմից ընդունված մոտեցումները և սկզբունքները Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության նկատմամբ:

Ինչ վերաբերում է միգրացիայի ոլորտում ԵՄ - Հայաստան համագործակցությանը, հայերեն հրատարակվել է «ԵՄ 27 անդամ պետություններում օրինական ներգաղթի ոլորտի օրենքների համեմատական ուսումնասիրությունը»: ՄՄԿ-ն վերապատրաստում է կազմակերպել ԵՄ միգրացիոն միասնական օրենսդրության թեմայով՝ օգտագործելով «Միգրացիայի մասին ԵՄ իրավական և քաղաքականության հատընտիր գործիքների ուղեցույցը»: ՄՄԿ-ի կողմից կատարվել է համառոտ համեմատական ուսումնասիրություն Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության շրջանակներում միգրանտների համար աշխատանքի, առողջապահության և սոցիալական ծառայությունների հասանելիության վերաբերյալ և տրամադրվել է ՀՀ Կառավարությանը:

Միջազգային միգրացիոն իրավունքի թեմայով վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել պետական տարբեր հաստատությունների ներկայացիչների, ինչպես նաև Հայաստանի բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի համար. Երևանի պետական համալսարանում և Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ներմուծվել են Միգրացիայի մագիստրոսական ծրագրեր՝ Բոլոնյան հռչակագրի պահանջներին համաձայն, իսկ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում հիմնադրվել է Միգրացիոն ուսումնասիրությունների կենտրոն:

Սահմանների և ինքնության կառավարում

ՄՄԿ-ն աջակցել է ՀՀ-ում սահմանների կառավարման բարեփոխումների գործընթացին: Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ ՀՀ սահմանային անցման բոլոր հսկիչ կետերում ներդրվել է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը:

ՄՄԿ-ն նաև աջակցել է ՀՀ ոստիկանության որոշ կենտրոնական ստորաբաժանումները և Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանը Ինտերպոլի «I-24/7» տեղեկատվական շտեմարանին միացնելու գործում:

ՄՄԿ-ն տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Հայաստանում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի ներմուծման գործընթացին: ԵԱՀԿ-ն և ՄՄԿ-ն իրականացրել են կարիքների գնահատում և առաջարկներ են ներկայացրել ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման Ազգային գործողությունների ծրագրի ստեղծման վերաբերյալ: ՄՄԿ-ի միջոցով ստուգվել է կենսաչափական կողմնորոշիչներով նոր փաստաթղթերի որակը: ՄՄԿ-ի տեխնիկական խորհրդատվությամբ Ոստիկանությունը մշակել է կենսաչափական կողմնորոշիչներով փաստաթղթերի ներդրման վերաբերյալ օրենքները: ՄՄԿ-ն նաև առաջարկություններ է ներկայացրել «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին:

ՄՄԿ-ն կատարել է մի քանի կարևոր ուսումնասիրություններ, ինչպես օրինակ՝ «Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության զեկույցը» և «Սահմանների կառավարման կարիքների գնահատման զեկույցը»: Վերջինս անդրադարձել է սահմանային ենթակառուցվածքում առկա թերություններին՝ նպատակ ունենալով բարելավելու Հայաստանի որոշ սահմանահատման կետերի սահմանային վերահսկողության արդյունավետությունը:

«Հայաստանում ռեադմիսիայի կառավարման ուսումնասիրություն և կարիքների գնահատում» աշխատությունն ուսումնասիրում է ռեադմիսիայի համաձայնագրերի իրականացման գործնական կարողությունները և հիմք է ծառայել՝մշակելու «READMIT» ձեռնարկը, որն անդրադառնում է հետընդունման տեսական հարցերին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացման հարցերին, մանրամասնում ռեադմիսիայի գործընթացի կառավարման տարբեր հարցեր: Ձեռնարկն ունի թվային մոդուլ: Զուգահեռաբար, Միգրացիոն պետական ծառայության հետ միասին, մշակվել է «Հայաստանում հետընդունման գործերի վարման ուղեցույցը»:

«Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար կացարանով ապահովման հատուկ կենտրոնների վերաբերյալ կարիքների գնահատում» աշխատությունում ուսումնասիրվել են անկանոն միգրանտներին պահելու և կալանքի՝ Հայաստանում առկա ընթացակարգերը, վերհանվել բացերը և հնարավորությունները, և տրվել առաջարկություններ՝ կենտրոնների բարելավման ուղղությամբ, ինչպես նաև առաջարկվել են օտարերկրացիների համար կացարանով ապահովման հատուկ կենտրոնների գործունեության համապարփակ ստանդարտ գործառնական ընթացակարգեր՝ միջազգային իրավական և մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան: 2012 թ. ՄՄԿ-ն տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Հայաստանում սահմանապահ ներկայացուցիչների ինստիտուտի կայացմանը, այդ թվում՝ նրանց գործառնական ընթացակարգերի ու վերապատրաստման ծրագրի մշակմանը:

ՄՄԿ-ն շարունակաբար սահմանների կառավարման թեմայով վերապատրաստման ծրագրեր է իրականացրել սահմանապահ զորքերի, ոստիկանության, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ), հյուպատոսների և սահմանային համալիր կառավարման հարցում ներգրավված այլ մարմինների ներկայացուցիչների համար: 2010 թ. մշակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի ուսումնական կենտրոնի ուսումնական ծրագրը: Վերջինս օգտագործվում է սահմանապահների կանոնավոր ու շարունակական վերապատրաստման և նորանշանակ ծառայողների ուսուցան համար: Ռուսերեն թարգմանվել ու համապատասխան պետական մարմիններին է բաշխվել ՄՄԿ-ի «Անձնագրերի ստուգման կարգը» ձեռնարկը, որն իր տեսակի մեջ աշխարհի առաջատար տեղեկատվական գործիքներից մեկն է և անդրադառնում է ճամփորդական փաստաթղթի/ անձնագրի քննության մեթոդաբանությանը տրամաբանական կարգով՝ ապահովելով գործնական տեղեկատվություն քննական գործընթացի յուրաքանչյուր քայլի վերաբերյալ: ՄՄԿ-ն իրականացրել է նաև կարողությունների զորացում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի և միջազգային համագործակցության բաժնի համար, որը պատասխանատու է անօրինական միգրացիայի դեպքերը Հայաստանում կանխելու, հայտնաբերելու համար:

Աշխատանքային միգրացիա

ՄՄԿ-ն տեխնիկական խորհդատվություն է իրականացնում՝ դյուրինացնելու շրջանառու աշխատանքային միգրացիան, ինչպես նաև կատարում է կարողությունների զորացում: Աշխատանքային միգրացիայի ոլորտում ՄՄԿ-ի գործունեությունն ուղղված է կարգավորելու աշխատուժի տեղաշարժը, ինչպես նաև աջակցելու աշխատավոր միգրանտների ընտրության, հավաքագրման, մշակութային ուղղորդման, ուսուցման, ուղևորության, ընդունման, ինտեգրման և վերադարձի կազմակերպման հարցերում:

Շնորհիվ ՄՄԿ-ի ծրագրերի՝ ՀՀ Կառավարությունն սկսեց ուշադրություն դարձնել աշխատանքային միգրացիայի կարգավորման հարցերին: ՄՄԿ-ն աջակցել է Կատարի Պետության հետ ՀՀ երկկողմ աշխատանքային համաձայնագրերի կնքման բանակցություններին: Քննարկվում են նման համագործակցության հնարավորություններ Ղազախստանի, Իտալիայի և այլ երկրների հետ: Աշխատանքային միգրացիայի ոլորտում միջպետական համագործակցության ընդլայնման և շրջանառու աշխատանքային միգրացիայի հնարավորությունները խթանելու նպատակով իրականացվել է Հայաստանում աշխատանքի շուկայի ներուժի գնահատում:

«Հայաստանում աշխատանքային միգրացիայի կառավարման կարիքների գնահատումը» զեկույցը երևան հանեց թե՛ աշխատանքային իմիգրացիայի, թե՛ էմիգրացիայի ոլորտներում քաղաքականության, օրենսդրության և վարչական կառուցվածքներում առկա որոշակի բացեր և առաջարկեց աշխատանքային միգրացիան կարգավորող քաղաքականության տարբերակները: Զեկույցի առաջարկները կենսագործելու առումով ՄՄԿ-ն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել աշխատանքային միգրացիայի ոլորտի կարգավորման քաղաքականության ու օրենսդրական դաշտի ձևավորման հարցում (ՄՄԿ-ի տեխնիկական աջակցությամբ, ի կատարումն «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի» և «Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգի», մշակվել են կարևոր քաղաքական փաստաթղթեր, հաշվետվություններ, օրենսդրական ակտերի նախագծեր, օրինակ՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, «Հայաստանի Հանրապետության 2013-2018 թթ. զբաղվածության ռազմավարությունը»):

Տրամադրված տեխնիկական աջակցությունն ամրապնդելու համար իրականացվում է կարողությունների զորացում՝ ընդլայնելու բազմաթիվ պետական պաշտոնյաների գիտելիքները աշխատանքային միգրացիայի կառավարման ոլորտում: Աշխատանքային միգրացիայի թեմայով վերապատրաստողներ պատրաստելու համար օգտագործվել է ՄՄԿ / ԱՄԿ / ԵԱՀԿ «Ծագման և նպատակակետ երկրների աշխատանքային միգրացիայի արդյունավետ քաղաքականության մշակման ուղեցույցի» հայերեն խմբագրությունը:

Ներկայումս ՄՄԿ-ն աշխատում է խթանել տնտեսական զարգացումը միգրացիայի միջոցով (դրամական փոխանցումներ, հմտությունների փոխանցում, մարզերում տնտեսական զարգացման միջոցով անկանոն միգրացիայի կանխարգելում):

Միգրանտների խորհրդատվություն

Նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը անկանոն միգրացիայի վտանգների, ինչպես նաև օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին՝ ՄՄԿ-ի Հայաստանի առաքելությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության հետ հիմնել է Միգրացիոն ռեսուրս կենտրոն (ՄՌԿ), որն անվճար խորհրդատվություն է տրամադրում հավանական միգրանտներին: ՄՌԿ-ները պոտենցիալ միգրանտներին տեղեկատվություն են տրամադրում ընդունող երկրների վիզաների ընթացակարգերի, օրենսդրության և աշխատանքի հնարավորությունների մասին: Դրանք վերադարձողներին տեղեկացնում են առկա վերաինտեգրման ծրագրերի մասին, ուղղորդում են դեպի պետական զբաղվածության ծրագրերը, իրականացնում են վերադարձողների որակավորման գնահատում և գործատուներին ու հավանական աշխատողներին հրավիրում են աշխատանքի ակումբներ: Ավելի ուշ, ՄՄԿ-ի ՄՌԿ-ի մոդելի հիման վրա ստեղծվել են ՄՌԿ-ներ նաև այլ վայրերում՝ ԱՄԿ-ի և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աջակցությամբ: Զբաղվածության պետական գործակալությունում միգրանտների համար գործում է տեղեկատվական «թեժ գիծ» հեռախոսախոսակապ:

ՄՄԿ-ն մշակել է ժամանակավոր միգրանտի իրավական ուղեցույց 23 երկրների համար (Ավստրալիա, Ավստրիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելգիա, Իրան, Իտալիա, Իսպանիա, Հունգարիա, Լեհաստան, Ղազախստան, Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Շվեդիա, Չեխիայի Հանրապետություն, Պորտուգալիա, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Կատար, Վրաստան, Ֆինլանդիա, Ֆրանսիա):

Սփյուռք

ՄՄԿ-ն նախաձեռնել է ՀՀ Կառավարության և Հայաստանի սփյուռքի կազմակերպությունների միջև երկխոսություն աշխատանքային միգրացիայի կառավարման ոլորտում սփյուռքի դերի շուրջ: Ներկայումս Հայաստանը մաս է կազմում մի տարածաշրջանային ծրագրի, որի նպատակն է ապահովել Եվրոպայում բնակվող բարձր մասնագիտական որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձը Հայաստան՝ փորձի փոխանակման նպատակով:

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար

ՄՄԿ-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարին: ՄՄԿ-ն այլ կազմակերպություների հետ միասին հետամուտ է եղել ՀՀ քրեական օրենսգրքում մարդկանց թաֆիքինգի քրեականացմանը, Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների մասին կոնվենցիայի» և դրա արձանագրությունների վավերացմանը, ինչպես նաև մասնակցել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրերի մշակմանը:

ՄՄԿ-ն Հայաստանում իրականացրել է թրաֆիքինգի դեմ պայքարի տասներկու խոշոր ծրագրեր, այդ թվում՝ հետազոտություններ, կարողությունների զորացում, անմիջական աջակցություն թրաֆիքինգի զոհերին և հանրության իրազեկման աշխատանքներ: Աշխատելով իր գործընկերների հետ՝ ՄՄԿ-ն անմիջական աջակցություն է ցուցաբերում թրաֆիքինգի զոհերին: Հետագա աջակցությունը ներառում է մասնագիտական փորձառության և գործնական հմտությունների մատուցում ուժային կառույցներին և սահմանապահ զորքերին, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգով զբաղվողներին առավել արդյունավետ կերպով հայտնաբերելու, հետաքննելու և պատժելու գործում:

ՄՄԿ-ի աջակցությամբ ներկայումս թրաֆիքինգի թեման ընդգրկվել է դպրոցներում և դասավանդվում է ավագ և միջին դասարաններում: Հայաստանի բոլոր դպրոցներից և արհեստագործական ուսումնարաններից ու քոլեջներից ուսուցիչներ են վերապատրաստվել թրաֆիքինգի թեման դասավանդելու համար, և բոլոր դպրոցները ստացել են դասընթացի համար հրատարակված գրքերն ու մյուս ուսուցողական նյութերը: Բուհերի ուսանողների համար նույնպես մշակվել է ուսուցողական ձեռնարկ:

Համայնքային աջակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի ՀԿ-ները շարունակաբար կազմակերպում են տեղեկությունների տարածման քարոզարշավներ, ինչը խթանում է Հայաստանում թրաֆիքինգի թեմայով կրթության կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ ուսուցման սկզբունքը և արտաժամյա գործունեությունը:

Շնորհիվ «Ուղղակի աջակցություն թրաֆիքինգի զոհերին» ՄՄԿ ուղեցույցի հայերեն տարբերակի՝ թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրերում ներգրավված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ստացել են ուղղորդում և խորհրդատվություն, որպեսզի թրաֆիքինգի զոհերին մատուցեն ծառայությունների ամբողջական շարքը՝ սկսած առաջնային զննումից մինչև արդյունավետ սոցիալական վերաինտեգրումը:

Կամավոր վերադարձի աջակցում և վերաինտեգրում (ԿՎԱՎ)

Միգրանտների ծագման երկրներում վերաինտեգրման աջակցության ցուցաբերումը կայուն վերադարձ ապահովելու կարևոր տարրերից է: Վերադարձողների կայունությունը կարող է ապահովվել միայն սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգահեռ: ՄՄԿ-ն ու իր գործընկերները ծագման երկրներում միգրանտներին տրամադրում են սոցիալ-տնտեսական աջակցություն՝ խթանելու վերջիններիս ինքնաբավությունը և ներդրումները տեղական համայնքներում:

ՄՄԿ-ի Հայաստանի առաքելությունը ներգրավված է ԿՎԱՎ տարածաշրջանային տարբեր ծրագրերում՝ Բելգիայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Իտալիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից: Վերադարձողներին տրամադրվող օգնությունը բազմազան է. այն ներառում է մինչև վերադարձը տեղեկատվության տրամադրում, խորհրդատվություն, կամավոր վերադարձի կազմակերպում, ինչպես նաև սխեմաներ, որոնք ներառում են Հայաստան վերադառնալուն պես վերաինտեգրման երկարաժամկետ օգնության տրամադրում և միգրանտների տնտեսական կենսունակության ապահովում: 2000-2012 թթ. ՄՄԿ-ն աջակցություն է ցուցաբերել 6179 միգրանտների, որոնք Հայաստան են վերադարձել հիմնականում եվրոպական պետություններից: 2011 թ. hունվարից մինչև 2014 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ՄՄԿ-ն աջակցություն է ցուցաբերել 581 վերադարձողների՝ սպասարկելով ընդհանուր առմամբ 371 դեպք (ընտանիք):

ՄՄԿ-ն մշակել է «Հայաստան վերադարձած անձանց վերաինտեգրման ուղղորդման ուղեցույց»՝ նպատակ ունենալով ուղղորդել և բարելավել վերադարձողներին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև նպաստել կայուն վերադարձին: Ուղեցույցը ծառայում է որպես ուղղորդման մեխանիզմ՝ վերադարձողների վերաինտեգրման գործընթացներում ներառված բոլոր մարմինների համար:

Դյուրինացված տեղաշարժ և վերաբնակեցում

  • Նախահյուպատոսական ծառայություններ (Կանադա)

Միգրացիայի կառավարման բարելավման ոլորտում ՄՄԿ-ի աշխատանքը ներառում է ներգաղթի և վիզաների աջակցության լուծումների մշակում կառավարությունների և միգրանտների համար ամբողջ աշխարհում: Այս ոլորտում, 2013 թ. ի վեր, ՄՄԿ-ն Կանադայի դիվանագիտական առաքելության անունից Երևանում իրականացնում է Վիզաների ընդունման կենտրոնի աշխատանքները: Կանադայի Վիզաների ընդունման կենտրոնը Կանադայի կառավարությանը բացառիկ ծառայություն մատուցող կենտրոն է, լիազորված՝ ընդունելու հայտեր ժամանակավոր կացության բոլոր տեսակների համար (այցելության վիզաներ, ուսման և աշխատանքի թույլտվություններ) և ճամփորդական փաստաթղթի դիմումներ Կանադայի մշտական բնակիչներից Հայաստանում: Այն զբաղվում է վիզաների հետ կապված բոլոր վարչական խնդիրներով: Հայաստանում Վիզաների ընդունման կենտրոնը ունի կենսաչափական թեստերի սարքավորումներ, և այն կարող է կենսաչափական թեստեր իրականացնել 30 երկրների քաղաքացիների համար (Աֆղանստան, Ալբանիա, Ալժիր, Բանգլադեշ, Բիրմա (Մյանմա), Եգիպտոս, Եմեն, Էրիթրեա, Թունիս, Իրան, Իրաք, Լաոս, Լիբանան, Լիբիա, Կամբոջա, Կոլումբիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Հաիթի, Հարավային Սուդան, Հորդանան, Ճամայկա, Նիգերիա, Շրի Լանկա, Պակիստան, Պաղեստինի Ինքնավարություն, Սաուդյան Արաբիա, Սոմալի, Սուդան, Սիրիա, Վիետնամ): 2014 թ. առաջին կիսամյակում Կենտրոնն ընդունել է ավելի քան 40 կենսաչափական թեստեր:

2004-2013 թթ. Կանադայի կառավարության հետ կնքված համաձայնագրի հիման վրա ՄՄԿ-ն նախահյուպատոսական ծառայություններ է մատուցել Հայաստանի բնակիչներին, ովքեր դիմել են ոչ ներգաղթային վիզաների, Կանադայի ժամանակավոր կացության վիզայի, «որակավորված աշխատող կարգավիճակով» Կանադա ներգաղթի, ինչպես նաև աշխատանքի թույլտվության վիզաների համար:

2008-2014 թթ. ավելի քան 3300 դիմողներ աջակցություն են ստացել ՄՄԿ-ի կողմից, այդ թվում՝ ժամանակավոր այցելության վիզայի, ուսման/ աշխատանքի թույլտվության, ճամփորդական փաստաթղթերի դիմումների և անձնագրերի փոխանցման հարցերով:

  • Միացյալ նահանգների փախստականների ծրագիր

Այս ծրագրի նպատակն է գործընթաց սկսել այն անհատների համար, ովքեր դիմում են ԱՄՆ-ում որպես փախստական բնակվելու համար: ՄՄԿ-ն ստանում է նախնական հայտերը և այնուհետև օգնում հարցազրույցի նշանակման և գործի վարման ընթացքում: ՄՄԿ-ն հանդիսանում է տեղական ներկայացուցչություն՝ ապահովելով ԱՄՆ միգրացիոն գործակալների այցերի հետ կապված կազմակերպչական և գործառնական աշխատանքները և հանդիսանում է տեղական կոնտակտային մարմին ԱՄՆ դեսպանատան և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակների համար:

Միգրացիա և առողջապահություն

Միգրացիոն առողջապահության մասին ՄՄԿ-ի ռազմավարական ուղղությունները ներառում են՝ (ա) միգրանտների առողջության մշտադիտարկում, (բ) միգրանտների առողջապահության նպաստավոր քաղաքականության և իրավական դաշտի մշակում, (գ) միգրանտակենտրոն առողջապահական համակարգի զորացում և (դ) միգրացիոն առողջապահության ոլորտում համագործակցության, ցանցերի և միջազգային նախաձեռնությունների դյուրինացում:

«Թրաֆիքինգից տուժած անձանց խնամքը. ուղեցույց բուժաշխատողների համար» և «Դասընթացավարի ուղեցույց» գրքերի հայերեն տարբերակները բաժանվել են ՀՀ առողջապահության նախարարությանը, հիվանդանոցներին, բժշկական համալսարաններին, երեխաների խնամակալական կազմակերպությունների սոցիալական աշխատողներին, և նրանց համար կազմակերպվել են դասընթացներ: «Հայաստանում միգրանտների վերաինտեգրման վրա ներազդող առողջապահական գործոնների գնահատում» աշխատությունն ուսումնասիրում է միգրանտների և վերադարձողների առողջապահության հետ կապված Հայաստանի օրենսդրությունն ու քաղաքականությունը, ինչպես նաև սուր առողջական խնդիրներ ունեցող վերադարձող միգրանտների համար Հայաստանում առկա ենթակառուցվածքներն ու ծառայությունները և դրանց իրականացման աստիճանը, այդ թվում` առողջապահական ապահովագրության համակարգը: Այն առանձնացնում է առողջական խնդիրներ ունեցող միգրանտներին և վերադարձողներին առնչվող՝ առողջապահության համակարգում առկա բացերը և առաջարկում է կոնկրետ հանձնարարականներ այդ ուղղությամբ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում» ուսումնասիրությունը գնահատում է հաշմանդամների կարիքները՝ կապված զբաղվածության հետ և աշխատաշուկայում նրանց առջև առկա խոչընդոտները:

Արտակարգ իրավիճակների ժամանակ և դրանցից հետո իրականացվող աշխատանքներ

ՄՄԿ-ն օգնություն է տրամադրում արտակարգ իրավիճակներում տուժած բնակչությանը, ապահովում նրանց վերադարձն ու վերաինտեգրումը, կազմակերպում կարողությունների զորացում և իրավունքների պաշտպանություն: ՄՄԿ-ն ակտիվորեն մասնակցում է աղետների ռիսկերի նվազեցման, կառավարման և կլիմայի փոփոխության հարմարվողականության նախաձեռնություններին: Հայաստանում ՄՄԿ-ն ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների կառավարման աշխատանքային խմբի անդամ է:

ՄՄԿ-ի ծրագրերը լրացնում են արտակարգ իրավիճակներից հետո օգնության և զարգացման միջև կապերը՝ զորացնելով համայնքներին՝ տուժած տարածքների վերակառուցման և վերականգման գործում աջակցելու միջոցով, ինչը հանդիսանում է հարկադրված միգրացիան կանխելու ճանապարհներից մեկը:

Որպեսզի կանխի Հայաստանի հարավային բնակավայրերում զանգվածային միգրացիոն ալիքը, որը հիմնականում պայմանավորված էր Սյունիքում խմելու և ոռոգման ջրի բացակայությամբ, որն էլ պատճառ է դարձել գյուղատնտեսության թուլացման, ՄՄԿ-ն մոբիլիզացրեց տեղական Շվանիձոր համայնքը՝ վերականգնելու և վերաօգտագործելու քահրիզ կոչվող ավանդական ստորերկրյա ջրային համակարգերը, որոնք Հայաստանում կառուցվել են դեռևս մ.թ.ա 720 թ.-ից: Արդյունքում՝ ջրային համակարգը դարձավ լիովին գործունակ՝ խմելու և ոռոգման ջրերը հասցնելով գյուղացիներին:

ՄՄԿ-ն Հայաստանում սոցիալ-տնտեսական վերաինտեգրման և զորացման աջակցություն է ցուցաբերում ականների զոհերին, հաշմանդամներին և նրանց ընտանիքի անդամներին:

Միգրանտների ինտեգրում և վերապատրաստում

ՄՄԿ-ն նպաստում է ընդունող հասարակությունում միգրանտների և փախստականների հաջող ինտեգրմանը: Միգրանտների ինտեգրումն ընդգրկում է՝ ա) միգրանտների և փախստականների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկությունների տարածում ծագման և ընդունող երկրներում, բ) խորհրդատվական ու այլ հասանելի ծառայությունների մասին տեղեկատվություն և գ) արագ և հաջող ինտեգրման հմտությունների զորացում:

1997 թ. ի վեր ՄՄԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Ինքնաբավություն և ինտեգրում փոքր ձեռնարկությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում ՄՄԿ-ն միկրովարկերի տրամադրման միջոցով օգնում է անձանց (ներառյալ՝ վերադարձողներին, փախստականներին և տեղահանված մարդկանց)՝ դառնալ ինքնաբավ, այդ թվում՝ ապահովում է միկրո-ձեռնարկատիրական վերապատրաստում, ինչպես նաև ընձեռում վարկային և զբաղվածության հնարավորություններ: Սրա նպատակն է նվազեցնել շահառուների կախվածությունը մարդասիրական օգնությունից, կրճատել աղքատությունը և ապահովել նրանց արդյունավետ վերաինտեգրումը հասարակությունում: 2014 թթ. հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 2700 մարդ անցել է միկրո-բիզնեսի կառավարման և բիզնեսի ծրագրման ուսուցում: Տրամադրվել են 8.8 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի 9650 վարկեր, որոնք նպաստել են 4800 ուղղակի շահառուների, այդ թվում՝ վարկառուների և նրանց աշխատողների կյանքի բարելավմանը: Աջակցություն են ստացել ավելի քան 3400 ձեռնարկություններ, մասնավորապես՝ վարկավորման միջոցների մոտ 25%-ը օգտագործվել է արտադրական և սպասարկման ոլորտի ընկերությունների և առևտրի հավասարակշռության ստեղծման համար: Իրաքցի 42 փախստականներ և ականների 43 զոհեր օգտվել են միկրոբիզնեսի զարգացման ծառայություններից և վերապատրաստումից:

2013 թ. ՄՄԿ-ն իրականացրել է «Հայաստանի Հանրապետությունում անկանոն միգրացիայի վերաբերյալ ելակետային հետազոտություն» Հայաստանում անկակոն միգրացիան ուսումնասիրելու և գնահատելու նպատակով՝ շեշտը դնելով ներգաղթի վրա, ինչի շնորհիվ ուսումնասիրությունը նորարական է: Թեև ներգաղթի շրջանակը շատ ավելի փոքր է՝ արտագաղթի հետ համեմատ, ներգաղթի և միգրանտների ինտեգրման հարցերը դեռ պետք է ուշադրության արժանի լինեն, և ՄՄԿ-ն շարունակում է օգնել միգրանտներին՝ լինելու ինտեգրված և պաշտպանված:

Կարողությունների զորացում միգրացիայի կառավարման ոլորտում

ՄՄԿ-ի տեխնիկական օժանդակությունը մեծ ուշադրություն է դարձնում կադրերի վերապատրաստմանը. դրա արդյունքում շարունակաբար զորացվում են միգրացիայի կառավարման հարցերով զբաղվող պաշտոնյաների կարողությունները՝ փոփոխվող միջազգային միջավայրում միգրացիայի մարտահրավերներին արձագանքման հետևողական քայլերի մշակման առնչությամբ: 1993 թ. վեր ՄՄԿ-ն իրականացրել է կարողությունների զորացման լայնածավալ աշխատանք Պետական միգրացիոն ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և դրա կազմում գործող ՀՀ սահմանապահ զորքերի, ՀՀ ոստիկանության և դրա կազմում գործող անձնագրերի և վիզաների վարչության, Ինտերպոլի ՀՀ ԱԿԲ-ի, անկանոն միգրացիայի դեմ պայքարի վարչության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և հյուպատոսական ծառայությունների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ազգային վիճակագրական ծառայության, կրթության և գիտության նախարարության, սփյուռքի նախարարության և այլ գերատեսչությունների համար: Մասնավորապես, ոստիկանության և սահմանապահ զորքերի ծառայողների համար կազմակերպվել են ընդգրկուն ուսուցողական ծրագրեր օրենսդրության, մարդու իրավունքների, ինքնության և ճամփորդական փաստաթղթերի զննության և խարդախության դեպքերի բացահայտման, մաքսանենգության և թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ, ինչպես նաև՝ սահմանային հսկողության և կառավարման տեխնոլոգիաների կիրառման դասընթացներ: Միգրացիայի կառավարման, միջազգային միգրացիոն իրավունքի, աշխատանքային միգրացիայի, միգրացիոն տվյալների, ռեադմիսիայի և այլ ոլորտների հիմունքների վերաբերյալ կազմակերպվել են ընդգրկուն դասընթացներ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների համար: Տարբեր թեմաներով փորձի փոխանակման ծրագրեր նույնպես առաջարկվել են պետական պաշտոնյաներին: ՄՄԿ-ն իրականացրել է կարողությունների զորացում ավելի քան 10000 մարդու համար (այդ թվում` ոստիկաններ, սահմանապահներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, լրագրողներ, բժիշկներ, միգրանտներ, փախստականներ, թրաֆիքինգի զոհեր և այլն):


Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում