EN | AM

Աշխատանքի միջազգային կազմակերպություն


ԱՄԿ
Նունե Հովհաննիսյան, ազգային համակարգող

Աշխատանքի միջազգային կազմակերպություն

Արժանապատիվ աշխատանքի
տեխնիկական աջակցության թիմ և

Արևելյան Եվրոպայի ու
Կենտրոնական Ասիայի
երկրների գրասենյակ

Պետրովկա 15, գրասենյակ 23
Մոսկվա 107031, Ռուսաստան
Հեռ.` (7 495) 933 0810
Ֆաքս` (7 495) 933 0820
Էլ. փոստ` moscow@ilo.org
URL:        http://www.ilo.ru

 

Հայաստանում ազգային համակարգող

ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 54 39 72
Ֆաքս` (374 10) 54 39 72
Էլ. փոստ` hovhannisyan@ilo.org
URL:        http://www.un.am

Մարդկանց բարեկեցության հարցում աշխատանքն առանցքային դեր ունի:
Բացի եկամտի աղբյուր լինելուց, աշխատանքը ճանապարհ է հարթում
սոցիալ-տնտեսական առաջընթացի ընդլայնման,
անհատների, նրանց ընտանիքների ու համայնքների ուժեղացման համար:
Այդ առաջընթացը, սակայն, ուղղակիորեն կախված է արժանապատիվ աշխատանքից:
Արժանապատիվ աշխատանքը մարդկանց նպատակներն ու իղձերն
ամփոփում է նրանց աշխատանքային կյանքում:

Մանդատը

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որի նպատակն է սոցիալական արդարության սկզբունքների և միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների ու աշխատանքային իրավունքների խթանումը: Հիմնադրված լինելով 1919 թ.՝ 1946 թ. ԱՄԿ–ն դարձավ ՄԱԿ-ի առաջին մասնագիտացված գործակալությունը: ԱՄԿ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում` Ժնևում:

ԱՄԿ-ն ունի չորս հիմնական ռազմավարական նպատակ.

  1. խթանել և կյանքի կոչել աշխատանքի ոլորտում հիմնարար սկզբունքներն ու իրավունքները.
  2. ընդլայնել տղամարդկանց և կանանց հնարավորությունները` ունեալու արժանապատիվ զբաղվածություն.
  3. ընդլայնել սոցիալական պաշտպանության ընդգրկումն ու արդյունավետությունը բոլորի համար.
  4. ամրապնդել եռակողմությունը (կառավարության, գործատուների և աշխատողների համագործակցությունը սոցիալ-աշխատանքային հարցերի լուծման մեջ) և սոցիալական երկխոսությունը:

Այս նպատակներն իրականացվում են մի շարք ճանապարհներով.

  • մարդու հիմնարար իրավունքների առաջխաղացմանը, աշխատանքի և կյանքի պայմանների բարելավմանը և զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված միջազգային քաղաքականության և ծրագրերի մշակում.
  • միջազգային աշխատանքային ստանդարտների սահմանում կոնվենցիաների և հանձնարարականների ձևով՝ դրանք ամրապնդելով կիրառման հսկողության եզակի  համակարգով.
  • միջազգային տեխնիկական համագործակցության լայնածավալ ծրագիր.
  • վերապատրաստում, կրթություն, հետազոտական և հրատարակչական գործունեություն` ի աջակցություն այս բոլոր ջանքերի:

Միավորված ազգերի կազմակերպության համակարգում ԱՄԿ-ն ունի յուրօրինակ եռակողմ կառուցվածք: Կազմակերպությունում քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս գործատուների և աշխատողների ներկայացուցիչները` տնտեսական գործունեության «սոցիալական գործընկերները», կառավարությունների ներկայացուցիչների հետ ունեն հավասար ձայն: ԱՄԿ-ն նմանատիպ եռակողմ համագործակցությունը խրախուսում է նաև ազգային մակարդակում: Արդյունքում՝ կառավարության, աշխատողների և գործատուների ներկայացուցիչները հնարավորություն են ստանում քննարկելու պետական քաղաքականությունները, օրենքները և այլ որոշումներ, որոնք այս կամ այն կերպ ազդեցություն ունեն սոցիալական գործընկերների վրա:

ԱՄԿ գործունեությունը Հայաստանում

Հայաստանում ԱՄԿ-ի գործունեությունը համակարգում է ԱՄԿ-ի Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմը և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակը (գրասենյակը տեղակայված է Մոսկվայում)։ Նրանց աջակցում է Երևանում ԱՄԿ-ի ազգային համակարգողը: Բացի Հայաստանից, գրասենյակի գործունեությունն ընդգրկում է տարածաշրջանի ևս ինը երկրներ` Ադրբեջան, Բելառուս, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան:

ԱՄԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության առաջնահերթությունները ձևակերպված և համաձայնեցված են ԱՄԿ-ի և վերջինիս լիազորված գործընկերներների` կառավարության, գործատուների և աշխատողների կազմակերպությունների կողմից:

Համագործակցության առաջնահերթություններից է զբաղվածության քաղաքականության բարելավումը: ՀՀ կառավարությունը պատրաստվում է նախաձեռնել զբաղվածության նոր քաղաքականություն, որը պետք է նպաստի անցմանը պասիվ ծրագրերից դեպի աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության ծրագրեր: ԱՄԿ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերում կառավարությանը` զբաղվածության խթանմանն ուղղված ակտիվ ծրագրերի մշակման և իրականացման գործում: Բոլոր գործընկերների բարձրաստիճան ներկայացուցիչների համար կազմակերպվել է զբաղվածության քաղաքականության վերաբերյալ վերապատրաստում: Շահագրգիռ կողմերի համար իրականացվում է տեխնիկական խորհրդատվություն` աշխատաշուկայի և կրթական համակարգի կապի հիմնախնդիրների վերաբերյալ: Հատուկ խմբերի համար փորձարկվել և ներդրվել են աշխատանքի նոր մեթոդներ և նոր գործիքներ` ներառյալ աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության ծրագրեր:

Հաջորդ առանցքային հարցը սոցիալական գործընկերության ամրապնդումն է: Հայաստանում ստեղծված են արդյունավետ սոցիալական գործընկերության համար անհրաժեշտ հիմքերը: Մասնավորապես, առկա է կոլեկտիվ բանակցությունները կարգավորող իրավական դաշտ և գործում է Եռակողմ հանձնաժողովը` կառավարության և սոցիալական գործընկերների միջև երկխոսությունն ապահովելու նպատակով: Ազգային եռակողմ համաձայնագիրը թարմացվել է 2012 թ.: ԱՄԿ-ի լիազոր գործընկերները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, անհրաժեշտ ուշադրություն են հատկացնում սոցիալական երկխոսությանը` ակտիվորեն խորհրդակցելով, բանակցելով և փոխզիջման ճանապարհով լուծումների հանգելով համապատասխան ազգային քաղաքականությանն առնչվող հարցերում: ԱՄԿ-ն շարունակական աջակցություն կցուցաբերի եռակողմ սոցիալական երկխոսության հետագա զարգացման ուղղությամբ` այն նոր մակարդակի հասցնելու նպատակով: ԱՄԿ-ն կշարունակի աջակցել Հայաստանի գործատուների հանրապետական միությանը` անդամ կազմակերպություններին մասնագիտական ծառայություններ մատուցելու և սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ գործարարության տեսանկյունը խթանելու հարցում` ազգային եռակողմ համագործակցության շրջանակում:

ՀՀ Կառավարությունը վերջերս նախաձեռնել է հանրային ծառայության ոլորտի աշխատավարձային քաղաքականության համակարգի բարեփոխումներ: Հանրային ոլորտի աշխատանքի վարձատրության հուսալի քաղաքականություն մշակելու հարցում Հայաստանի իշխանություններին աջակցելու նպատակով ԱՄԿ-ն իրականացնում է «Հանրային ծառայության ոլորտի վարձատրության բարեփոխման աջակցություն» նախագիծը, որի շրջանակում կկատարվի հանրային ծառայության ոլորտում վարձատրության գործող համակարգի համակողմանի և մանրակրկիտ վերլուծություն, մասնավորապես՝ քննության ենթարկելով աշխատավարձի մակարդակներն ու կառուցվածքները: Հանրային ծառայության ոլորտում աշխատանքի վարձատրության քաղաքականությունն ավելի ստույգ գնահատելու նպատակով նախագծի շրջանակներում նաև հանրային ծառայության ոլորտի աշխատավարձային համակարգը կհամեմատվի մասնավոր հատվածի հետ` որպես ելակետային աղբյուր: Այն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կտրամադրի աշխատավարձին ուղղված ծախսերի կանխատեսման մեթոդաբանություն:

ԱՄԿ-ի երկլեզու ինտերնետային կայքում կարելի է ծանոթանալ տարածաշրջանի երկրների վերաբերյալ թարմ տեղեկատվությանը և լուրերին, ԱՄԿ-ի կոնվենցիաների և հանձնարարականների տեքստերին, իրականացվող նախագծերի վերաբերյալ տեղեկատվությանը, հրապարակումներին, եռամսյա «Լրատուին», ԱՄԿ-ի վերաբերյալ հոդվածներին և այլ օգտակար տեղեկությունների:


Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում