|
Մանդատը
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) առաջնորդում է սովի հաղթահարմանն ուղղված միջազգային ջանքերը: Ծառայելով ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներին` ՊԳԿ-ն հանդիսանում է չեզոք դաշտ, որտեղ անդամ երկրները հավասար պայմաններում բանակցություններ և քննարկումներ են անցկացնում համաձայնագրերի ու ռազմավարությունների շուրջ: ՊԳԿ-ն հանդիսանում է նաև գիտելիքի և տեղեկատվության աղբյուր: Այն աջակցում է զարգացող և անցումային փուլում գտնվող երկրներին գյուղատնտեսական, անտառային տնտեսության և ձկնային տնտեսության պրակտիկայի արդիականացման և բարելավման, ինչպես նաև բոլորին մատչելի բարձրորակ սննդի ապահովման գործում: Հիմնադրման պահից` 1945 թ. ի վեր ՊԳԿ-ի հատուկ ուշադրության կենտրոնում է եղել գյուղական շրջանների զարգացումը, որտեղ բնակվում է աշխարհի աղքատ և սովյալ բնակչության 70 տոկոսը:
ՊԳԿ-ի մանդատն է` բարձրացնել աշխարհի բնակչության` սննդով ապահովվածության մակարդակը, մեծացնել գյուղատնտեսական արտադրողականությունը, բարելավել գյուղական բնակչության կենսապայմանները և նպաստել համաշխարհային տնտեսության զարգացմանը:
Այսօր ՊԳԿ-ն ՄԱԿ-ի համակարգի խոշորագույն մասնագիտացված գործակալություններից մեկն է և հանդիսանում է գյուղատնտեսական, անտառտնտեսական, ձկնատնտեսական և գյուղական զարգացման ուղղվածությամբ համաշխարհային առաջատար կազմակերպությունը: ՊԳԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում է 191 պետություն:
ՊԳԿ-ն Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունը ՊԳԿ-ին անդամակցեց 1993 թ. նոյեմբերի 8-ին: ՊԳԿ-ի ներկայացուցչության գրասենյակը Հայաստանում բացվեց 2004 թ. սեպտեմբերին:
ՊԳԿ-ին անդամակցելուց և ՊԳԿ-ի գրասենյակի բացումից հետո ՀՀ կառավարությունը լայնամասշտաբ աջակցություն է ստացել ՊԳԿ-ի կողմից Հայաստանում զարգացման և արտակարգ օգնության ծրագրերի իրականացման գործում: Այս ծրագրերի նպատակն է նպաստել երկրում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը և պարենային անվտանգության ապահովմանը:
Հայաստանում ՊԳԿ-ի աշխատանքի առաջնայնություններն են` գյուղական բնակչության պարենային անվտանգության և կյանքի պայմանների բարելավումը, պարենային արտադրանքի անվտանգության և որակի ապահովումը, բնական պաշարների կայուն կառավարումը և գյուղական հատվածում համապատասխան ինստիտուտների և կարողությունների ամրապնդումը` շուկայական տնտեսությանն անցման գործընթացին աջակցելու նպատակով:
Հայաստանում ՊԳԿ-ի համեմատական առավելությունները հետևյալն են`
- ամուր գործընկերային հարաբերություններ և սերտ համագործակցություն ՀՀ առանցքային նախարարությունների հետ,
- տեղեկատվության տարածում,
- գյուղատնտեսական հատվածում անցումային փուլին բնորոշ գործընթացների գերազանց իմացություն,
- չեզոք գործընկերոջ համբավ ինչպես կառավարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների շրջանում,
- արդյունավետ համագործակցություն ՄԱԿ-ի մյուս կառույցների, մասնավորապես` ՄԱԶԾ-ի հետ, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների հետ,
- լայն ճանաչվածություն երկրում:
Ներկայում կազմակերպությունն օժանդակում է կառավարությանը` բարելավելու մսի արտադրության շղթան: Մասնավորապես, ՊԳԿ օժանդակությունը կենտրոնանում է մսի արտադրության շղթայում որակի և անվտանգության շուրջ: ՊԳԿ-ն կառավարությանն օգնում է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող սպանդանոցներ: Վերապատրաստման դասընթացներ են անցկացվում կառավարության ներկայացուցիչների, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների և փոքր ներդրողների համար: Այս նախաձեռնության խնդիրներից մեկը պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանումն է մսի արտադրության ոլորտում, իսկ ապագայում` սննդամթերքի արժեգոյացման շղթայում:
Քանի որ երկիրը չունի բավարար քանակությամբ բարձրորակ վեգետատիվ նյութ, ՊԳԿ-ն շարունակում է աջակցել Հայաստանին` զարգացնելու սերմացուի արտադրության ոլորտը: Հատուկ շեշտ է դրվում ցորենի սերմացուի արտադրության վրա: Աշխատանքները ներառում են սերմացուի սելեկցիոն կայաններին ցուցաբերվող օժանդակությունից մինչև ցորենի բարձրորակ սերմացուի տրամադրումը:
Բնական ռեսուրսների կառավարումը մեծ մտահոգության առարկա է Հայաստանում: ՊԳԿ-ն աջակցություն է տրամադրում անտառների կառավարման կարողությունների հզորացման հարցում:
Կազմակերպությունը աջակցում է կառավարությանը հնացած թունաքիմիկատների պաշարների կառավարման հարցում: Հատկապես ծայրահեղ այն իրավիճակը, որը տիրում է Երևանին մոտ գտնվող Նուբարաշենում, որտեղ գտնվում են ժամկետանց թունաքիմիկատների զգալի քանակություններ, շրջակա միջավայրի համար հնարավոր մեծ վտանգ ներկայացնելու պատճառով գտնվում է կառավարության և ՊԳԿ-ի ուշադրության ներքո:
ՊԳԿ-ի բոլոր աշխատանքները ներառում են կարողությունների և իրազեկության ձևավորում բոլոր մակարդակներում: ՊԳԿ-ն կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել սննդամթերքի անվտանգության վերաբերյալ թարմ և վստահելի, որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկությունների հավաքման հզորացմանը:
ՊԳԿ-ի և Հայաստանի համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով` ՊԳԿ-ն և կառավարությունը սերտորեն աշխատել են մի ռազմավարական փաստաթղթի մշակման ուղղությամբ, որը նպատակ ունի պարզել Հայաստանի զարգացման նպատակների իրականացման համար ՊԳԿ օժանդակության ռազմավարական ոլորտները: Այդ ռազմավարական փաստաթուղթը, որը կոչվում է <<Ազգային միջնաժամկետ առաջնահերթությունների շրջանակ>>(ԱՄԱՇ), հանդիսանում է նաև գործառնական և արդյունքների վրա հիմնված կառավարման ծրագրման գործիք, որն ամբողջությամբ ինտեգրված է ՊԳԿ կառավարման մարմինների կողմից հաստատված ՊԳԿ կորպորատիվ ռազմավարական ծրագրի արդյունքների աստիճանակարգին, մոնիտորինգին և հաշվետվողականությանը:ՊԳԿ-ն կշարունակի իր համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ Ազգային միջնաժամկետ առաջնահերթությունների շրջանակում:
ՀԱՍՑԵ`
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն Կառավարական տուն 3 124 սենյակ Երևան 0010, Հայաստան Հեռ.` (374 10) 52 54 53 Ֆաքս` (374 10) 56 58 71 Էլ-փոստ` fao-am@fao.org URL: http://www.fao.org http://www.un.am
|
|